News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունում, մարտի 23-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառույցի գործառույթներն ու խնդիրները Ազգային ժողովի ժողովի ընտրությունների շրջանում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, մասնակցում էին համապատասխան ստորաբաժանումների ու ծառայությունների պատասխանատուները:

Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության սկզբում նշել է, որ հանրապետության նախագահը ոստիկանությանը արդարացի ընտրությունների համար անհրաժեշտ հասարակական կարգի ապահովման եւ ընտրողների ու թեկնածուների անվտանգության պահպանման խնդիր է առաջադրել, որի իրականացումից է կախված համապետական ընտրություների պատշաճ մակարդակի ապահովումը եւ համակարգի աշխատանքի գնահատականը հասարակության կողմից:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ոստիկանության պետի հրամանը օպերատիվ շտաբ ձեւավորելու մասին, որի կազմում կընդգրկվեն պատասխանատու ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

Մեկնաբանելով ոստիկանությանն առաջադրված խնդիրները՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ ծառայության ընթացքում ոստիկանների գլխավոր զենքը լինելու են նրանց գիտելիքները, պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատու մոտեցումը պարտականությունների կատարմանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ ընտրական ցուցակների պատրաստման, ճշգրտման եւ ամբողջացման խնդիրը, որի իրականացումը նույնպես ոստիկանության իրավասության շրջանակում է:

Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ շտաբի անդամներին հրահանգել է առանձնակի ուշադրություն դարձնել ընտրությունների շրջանում հասարակական կարգի պահպանմանը՝ ընդգծելով, որ ոստիկանությունը պետք է գործի բացառապես օրենքի եւ օրինականության սահմաններում:

Համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրել են կատարված աշխատանքն ու առաջիկա խնդիրները: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է խնդիրները պարզաբանել բոլոր ծառայողներին՝ ավագ սպայակազմից մինչեւ շարքային, վերստին կարեւորելով յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը:

Ոստիկանության խնդիրը օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի իրականացումն է, իսկ ընտրությունների ժամանակ պետք է ընդգծվի ոստիկանության վերքաղաքական ու վերկուսակցական բնույթն ու գործունեությունը. Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին հրահանգեց առաջնորդվել բացառապես այս սկզբունքով:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուներից հստակ ու համագործակցված աշխատանք է պահանջել՝ նշելով, որ ոստիկանությունը համագործակցություն է առաջարկում նաեւ քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել արդար ու թափանցիկ համապետական ընտրություններ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ