News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Հարավային Կորեայում  գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 27-ին, Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին եւ հանդես եկել ելույթով:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին եւ անձամբ Նախագահ Լի Մյուն-Բակին` գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարեւոր հավաքը հյուրընկալելու համար: Հանրապետության ղեկավարը նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010թ. Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր:

«Միջուկային անվտանգությունը եղել եւ մնում է Հայաստանի համար առաջնային կարեւորության խնդիր: Ցանկալի արդյունքներ գրանցելու նպատակով մենք հետեւողականորեն եւ պատրաստակամորեն աջակցել եւ իրականացրել ենք առաջարկվող ծրագրերը, կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել վերահսկողության գործուն մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով, ընդունվել է նոր օրենք Երկակի նշանակության ապրանքների, այդ թվում միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահանման, տարանցման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին:

Հանրապետության ղեկավարը նշել է նաեւ, որ ՄԱԿ-ի Միջտարածաշրջանային հանցավորության եւ արդարադատության հետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ եւ աջակցությամբ Հայաստանն իրականացնում է կադրերի վերապատրաստման եւ մաքսային տեխնիկական հագեցման ծրագիր: Նախագահի խոսքով, Հայաստանի Հանրապետությունն ըստ ամենայնի նպաստում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձեւի իրականացմանը:

«Վաշինգտոնի գագաթնաժողովում բոլորս խիստ կարեւորեցինք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնական դերը միջուկային անվտանգության եւ ռադիոակտիվ նյութերի պահպանման եւ հսկման գործում: Հայաստանը, որպես միջուկային էներգիայի արտադրող, գործակալության հետ զարգացնում է համակողմանի փոխգործակցություն: Հայաստանի ատոմակայանի անվտանգ շահագործումը եւ նրա անվտանգության մակարդակի բարձրացումը, նրա ֆիզիկական պաշտպանության, ինչպես նաեւ բարձր ակտիվության աշխատած վառելիքի պահպանումն ու հսկումը մեր կառավարության առաջնային խնդիրներից է: Այս գործում մենք խստագույնս պահպանում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ այդ սերնդի միջուկային կայանների համար առաջարկվող միջազգային նորմերի պահանջները:

Հայկական ատոմակայանի շահագործման լիակատար համապատասխանությունը այդ նորմերին հաստատել է նաեւ ԱԷՄԳ կողմից անցյալ տարի անցկացված ՕՍԱՐՏ առաքելությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել ԱԷՄԳ-ին, Ռուսաստանին, Եվրամիությանը եւ այն բոլոր երկրներին, կազմակերպություններին եւ մասնագետներին, որոնք համագործակցում եւ աջակցում են Հայաստանի Հանրապետությանը այս կարեւոր գործում:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերն են վերապահումներով մոտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ հատուկ դեպքերում, ինչպիսին Հայաստանի դեպքն է, ըստ նախագահ Սարգսյանի, քիչ այլընտրանք կա` ապահովելու համար մեր ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելավումը:

Սերժ Սարգսյանի մոտեցմամբ, տեղին կլիներ էներգետիկ` այդ թվում նաեւ միջուկային էներգիայի անվտանգության ապահովման հարցերը դիտարկել հարակից խնդիրների հետ ամբողջության մեջ: Նախագահը ոչ պակաս կարեւոր է համարել էներգետիկ ռեսուրսները չարամիտ քաղաքական կապիտալի վերածելու դեմ պայքարը: Դրա հետեւանքները, նախագահ Սարգսյանի համոզմամբ, ծանր են հատկապես այն երկրների համար, որոնք զուրկ են էներգիայի բնական պաշարներից եւ ստիպված են էներգետիկ անկախության ուղիներ փնտրել: «Հայաստանի չորս անմիջական հարեւաններից երկուսը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երկու տասնամյակ շարունակ շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, այլընտրանք չթողնելով նաեւ էներգետիկ անկախության ուղիների ընտրության հարցում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը ելույթի ավարտին վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը միջուկային նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաեւ մեր երկրի վճռականությունը աջակցելու ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ