News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում ընտրողների ցուցակները, ըստ որոնց Հայաստանում կա 2 մլն 485 հազար 844 ընտրող:

Նշենք, որ 2007թ. մայիսի 12-ի ընտրություններում ընտրացուցակներում, ըստ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, հաշվառված է եղել 2 մլն 285 հազար 830 ընտրողի անուն, այսինքն 200 հազար 14-ով պակաս:

Ի դեպ, միայն չորս տարվա ընթացքում, պաշտոնական տվյալներով, Հայաստանը լքել է շուրջ 140 հազար մարդ` չհաշված 2012թ. առաջին եռամսյակի տվյալները: Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պաշտոնական տվյալներով, Հայաստան ժամանածների եւ Հայաստանից մեկնածների տարբերությունը եղել 23,1 հազար հօգուտ մեկնողների, 2009-ին` 25 հազար, 2010թ.` 46,7 հազար, 2011-ին` 43,8 հազար: Այսինքն, միայն պաշտոնական տվյալներով, Հայաստանը նշված չորս տարիների ընթացքում լքել է 138,6 հազար մարդ:

Այս թվերից դատելով` ընտրողների թիվը պետք է նվազեր: Սակայն Հայաստանի Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը տրամաբանական է համարում ընտրողների թվի աճը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց. « Տարբերության պատճառը միգրացիոն վիճակագրության հետ ուղիղ կապ չունի: Ուղղակի բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց թվաքանակն է աճել:

185 հազար 236 ընտրողներ 2008 թվականի փետրվարի 18-ից հետո հայտնվել են ընտրական ցուցակներում, այսինքն ձեռք են բերել ընտրական իրավունք, լրացել է նրանց 18 տարին»:

Ըստ Քոչարյանի, բացի այդ, 2008 թվականից 174 հազար 377 ընտրող հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում եւ բոլորը ընտրական իրավունք ունեցող անձինք են, արդյունքում այդքանով եւս ընտրողների ցուցակն ավելացել է: «Եթե այդ թվերը գումարում ենք եւ հանում ենք մահացածների թիվը` 122 հազար 434 մարդ, եւ մնացած տարբերությունը` մոտ 50 հազար, ապա կտեսնեք, որ ընտրողների թվի աճը բացատրելի է»,- նշեց Հովհաննես Քոչարյանը եւ հավելեց. «Բնակչության պետական ռեգիստրում ի հայտ են եկել հաշվառված անձինք: Իսկ որն է դրա պատճառը, որ հաշվառված չէին եւ հաշվառվեցին: 2006 թվականից սկսած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենսդրության ընդունումն էր: 2008 թվականից սկսաած անձնագրի հանձնման եւ փոխանակման գործողությունները պայմանավորվեցին միայն հաշվառման փաստով»:

Վիզաների վարչության պետի խոսքով, եթե անձը չուներ հաշվառում, նա անձնագիր ստանալու իրավունք չուներ, չէր կարող օգտվել սոցիալական նպաստներից: «Մարդու կենսական որոշ շահերի իրացումը կապվեց ռեգիստրում հաշվառում ունենալու անհրաժեշտության հետ: Մարդիկ հարկադրված էին հաշվառման կանգնել օրենքի տառը պահելու համար: Սրանով է պայմանավորված, որ ռեգիստրում ընտրողների թիվն աճել է»,- ամփոփեց Հովհաննես Քոչարյանը:

 

Տպել
Ամենաշատ