News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետի Ժորա Մարտիրոսյանի որդին կալանավորվել է: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեղադրանքով` 258 հոդվածի  4-րդ մասով: NEWS.am-ի  այս տեղեկությունը հաստատեց նաեւ գործով քննիչ Արթուր Մելիքբեկյանը:

Ոստիկանությունից հայտնել են, որ գյուղապետի երկու որդիները վեճ են ունեցել, բախվել են այլ անձանց հետ, անգամ օդ են կրակել:

Այս միջադեպի շուրջ տարաբնույթ վարկածներ հնչեցին, հետեւաբար NEWS.am-ը զրուցեց Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հետ, հասկանալու համար, թե ըստ նրա մեկնաբանության, որն է միջադեպի պատճառը:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարկման, պատճառը եղել է ապօրինի անտառահատումը, եւ կոնֆլիկտի մյուս կողմը Տավուշի անտառապետներից մեկն է եղել, ով տեւական ժամանակ փորձել է կանխել անօրինական ծառահատումը, սակայն` ապարդյուն: Անտառապետն անձամբ գնացել է Ազատամուտ` այդ հարցը կարգավորելու: Ինչպես  նաեւ նշվում է, որ նախկին գյուղապետի օգնականը ցանկանում է համայնքի ղեկավար դառնալ, հետեւաբար նման քայլերի են դիմում ներկայիս գյուղապետի դիրքերը թուլացնելու համար:

Իսկ Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք անտառահատում չեն կարող անել, ինչպես նշել են մամուլում, պատճառաբանելով, որ անտառում ոչ մի ճյուղ առանց իրենց տնօրինության իմացության չի հատվում:

Ըստ նրա միջադեպի պատճառն Իջեւանում տեղի ունեցած ավտովթարն է եղել, որի արդյունքում Տավուշի մարզի «Սեւքարի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Երիցյանի «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վնասվել է: «Հետո  Աշոտ կոչեցյալը այնտեղից 20 հոգանոց թիմ է հավաքել ու զինված ատրճանակներով, նռնակներով, հրացանով ու երկաթե բութ կտորներով եկել են իմ ընտանիքի վրա հարձակվել: 9 թոռներս, ընտանիքիս անդամներն ահաբեկված են: Այդ հարձակման պատասխանն իրենք պետք է տան, ոչ թե` մենք, որ 3 տղաներիցս մեկին կալանավորել են: Այդ մարդն իր բաճկոնը հանեց գցեց «Մերսեդեսի» կապոտին ու շատ կներեք ասաց. «Սրանց մայրիկը սենց արեք, ջարդեք» եւ զորքով հարձակվեցին»,- պատմեց գյուղապետը եւ ավելացրեց, որ իրենք 4 հոգով են եղել, իսկ հակառակ կողմը 20:

Գյուղապետը նաեւ պատմեց, որ ինքը տանից դուրս գալով պահանջել է, որ կողմերը հանդարտրվեն, սակայն սկսել են իրեն ծեծել եւ տղաները չեն կարողացել անտեսել այդ տեսարանը: « Դե ով կդիմանա, որ իր հորը աչքի դեմը խփեն»,- պատմեց գյուղապետը, հավելելով, որ իր գլխին 5 կար են տվել, չհաշված որ դանակով ձեռքերն են վնասել:

Հարցին թե իր երկու տղաներին, որ հրավիրել են ոստիկանություն ինչո՞ւ չեն գնացել, գյուղապետն արձագանքեց. «Նրանք 20 հոգով հարձակվել են մեր տան վրա, այնինչ տղայիս են տարել վրան հոդված դրել: Որտե՞ղ է արդարությունը»:

Ինչ վերաբերում է նրան, թե իր կարծիքով, ինչո՞ւ մյուս կողմին չեն ձերբակալել, Ժորա Մարտիրոսյանն ասաց. «Իրենց կողմի մարդիկ են նրանք»:

Ավելին` գյուղապետը նշված միջադեպի պատճառներից մեկն էլ այն է համարում, որ Աշոտ Երիցյանի աներորդին՝ Արտեմ Սարիբեկյանն, ուզում է  համայնքի ղեկավար դառնալ, դրա համար էլ նման քայլերի է դիմում, փորձելով վարկաբեկել ներկա գյուղապետին:

Աշոտ Երիցյանի հետ հեռախոսով կապ հաստատել մեզ այդպես էլ չհաջողվեց, սակայն գործով քննիչ Արթուր Մելիքբեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գյուղապետի որդիներից մեկն է կալանավորված, իսկ մյուս որդիները խուսափում են քննությունից եւ չեն ներկայացել: Սակայն դեռեւս հետախուզում չի հայտարարվել: Քննիչը զերծ մնաց, այլ մեկնաբանություններից եւ խորհուրդ տվեց. «Երբ որ մենք բավականին ինֆորմացիա ունենանք, ձեզ ամբողջ նյութերը կտրամադրենք»: Հարցին, թե կռվի հակառակ կողմից ներկա պահին ձերբակալվածներ կա՞ն, նա բացասական պատասխան տվեց:

Տպել
Ամենաշատ