ԱԺ-ն պատգամավորական անձեռմխելիությունից զրկեց հունիսի 16-ին ձերբակալված գեներալ Մանվել Գրիգորյանին եւ իրավապահ մարմիններին թույլատրեց կալանավորման միջնորդություն ներկայացնել դատարան: Գլխավոր դատախազը խորհրդարանին մանրամասն ներկայացրեց այն հիմքերը, որոնք թույլ են տալիս քրեական հետապնդում իրականացնել ՀՀԿ խմբակցության պատգամավորի նկատմամբ եւ ազատությունից զրկել նրան:

Ի տարբերություն այլ հարցերի քննարկման՝ Հանրապետականներն այսօր լուռ էին. նրանք որեւէ հարց չտվեցին, ելույթ չունեցան: Փոխարենն ակտիվ էին «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները: Վերջինները քննադատություններով հեղեղեցին գեներալին, մի քանիսն էլ նույնիսկ ինքնասպանության կոչ արեցին:

Միջնորդությունների քննարկման ժամանակ, ի դեպ, ՀՀԿ-ականների մեծ մասը լքեց նիստերի դահլիճը եւ մասնակցեց միայն փակ քվեարկությանը: Միայն նախկին իշխող խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարճ ելույթ ունեցավ՝ հայտարարելով, որ իրենք կողմ են քվեարկելու Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ներկայացված միջնորդություններին: Փակ քվեարկության արդյունքներով Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. դեմ քվեարկեց ընդամենը 3 պատգամավոր: Թե ովքեր են նրանք, հայտնի չէ:

Լրագրողները հանրապետականներից մեկնաբանություններ կարողացան վերցնել միայն միջանցքներում: Մի քանի օր է՝ մարդկանց հետաքրքրում էր, թե ինչպես աղմկահարույց բացահայտումները կմեկնաբանի Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկերը՝ գեներալ Սեյրան Սարոյանը: Նա հիշեցրեց մի քանի ամիս առաջ արած հայտարարությունը, թե ով զինվորի «տուշոնկա» է գողանում, նրան ե՛ւ Աստված է պատժում, ե՛ւ դատախազը: Սարոյանը պնդեց, որ Գրիգորյանի պահեստների պարունակությունից ինքը տեղյակ չի եղել, իսկ տեղի ունեցածը խայտառակություն որակեց:

Ի տարբերություն Գրիգորյանի մտերիմ ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց կատարվածի մասին որեւէ մեկնաբանություն տալ: Միայն ասաց, թե ինչու ապրիլյան պատերազմի օրերին օգնությունը ԵԿՄ-ի միջոցով չի ուղարկել Արցախ: Նշենք, որ գործարար պատգամավորը ԵԿՄ վարչության անդամ է եւ նախկինում հենց այս կառույցի միջոցով էր օգնում բանակին:

Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանին ԱԱԾ-ի հայտնաբերածը շատ է զարմացրել: Ինքը բազմիցս է հյուրընկալվել գեներալի տանը, սակայն չի իմացել, թե պահեստներում ինչեր կան: Լրագրողների հետ զրույցում Սահակյանը նաեւ անկեղծացել է. Մանվել Գրիգորյանի հետ կապված իրավիճակը քննարկել են կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ:

Հավելենք, որ Ազգային ժողովից թույլտվությունից ստանալուց հետո գլխավոր դատախազ հանձնարարել է քրեական հետապնդում սկսել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ եւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնել դատարան: Նրան նաեւ մեղադրանք առաջադրվեց՝ ապօրինի զենք եւ զինամթերք պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար:

Իրավապահների ուշադրության կենտրոնում է նաեւ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Ոստիկանները «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների մեքենաներ են հայտնաբերել, որոնք, իրավապահների տեղեկացմամբ, բեռնվել են գեներալի կնոջ ցուցումով: Վարորդները ԵԿՄ անդամներ են եղել. նրանք բերման են ենթարկվել: Մեքենաներում 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ են եղել: Գլխավոր դատախազն էլ լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ Մանվել Գրիգորյանի գործով կձերբակալվի նաեւ Նազիկ Ամիրյանը:

Դոն Պիպո մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը կալանավորվեց: Նրան ապօրինի կերպով զենք եւ զինամթերք պահելու եւ անձի առեւանգման մեղադրանք է առաջադրվել: Արթուր Ասատրյանի Էջմիածնի տանը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք էին գտել հունիսի 16-ին կատարված խուզարկության ժամանակ: Նույն օրն Ասատրյանը բերման ենթարկվեց եւ ձերբակալվեց:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունում փոփոխություն է սպասվում: Արա Բաբլոյանը ստորագրել է Մերուժան Սիմոնյանի պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Սիմոնյանը մանդատը վայր է դրել հունիսի 8-ին: Նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանը: «Ծառուկյան» խմբակցությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են լուրը՝ նշելով, որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել: Հիշեցնենք, որ Դավթյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արմավիրի մարզում եւ ստացել 7616 քվե: Հրանտ Դավթյանը գործարար է, իսկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թվականին, սկանդալային մի պատմության շնորհիվ: Հրանտ Դավթյանը հայհոյել ու ապտակել էր ճանապարհային ոստիկանին, քանի որ վերջինը, այսպես ասած, համարձակվել էր կանգնեցնել իր ավտոմեքենան:

Հակառակորդն այսօր շփման գծում Արցախի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարք է խոցել: Անօդաչուն սահմանային դիտարկում էր իրականացնում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ: Արցախյան կողմը սա որակել է հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական նշանակության թռիչքները խոչընդոտելու փորձ՝ հավաստելով, որ շարունակելու է պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում եւ ցամաքում:

Հունիսի 19-ին դոլարի ու եվրոյի արժեզրկմանը միացել է նաեւ ռուբլին: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 557, ռուբլունը՝ 7 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 635 դրամ:

Հունիսի 20-24-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն: