Վերաքննիչ դատարանն ավարտեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը: Որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին: Երկրորդ նախագահի պաշտպանները լավատես են: Արամ Օրբելյանը, միաժամանակ, հիմնավորված չի համարում մեղադրող կողմի պնդումները, թե ազատության մեջ գտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ պատշաճ վարքագիծ կդրսեւորի:

Ավելին, ըստ փաստաբանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո կարելի էր ակնկալել, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես մեղադրյալի կարգավիճակում կարող է հայտնվել, սակայն, չնայած դրան, երկրորդ նախագահը վերադարձել է Հայաստան եւ ներկայացել քննչական մարմնին:

Յուրի Խաչատուրովի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ բողոքարկելով առաջին ատյանի որոշումը: Միհրան Պողոսյանն ասում է՝ թեեւ առաջին ատյանի դատարանը որպես խափանման միջոց կիրառել է 5 մլն դրամի չափով գրավը, սակայն դա կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն օգոստոսի 4-ին հեռացել է Հայաստանից. նա Մոսկվա է վերադարձել եւ անցել պարտականությունների կատարմանը: Քննչական մարմնի առաջին իսկ պահանջով, սակայն, Խաչատուրովը պարտավոր է ներկայանալ: Հիշեցնենք, որ 2008 թվականին Յուրի Խաչատուրովը Զինված ուժերի Երեւանի կայազորի պետն էր: Իսկ մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել նաեւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Նա հետախուզման մեջ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում է: Այսօր վարչապետը հանդիպումներ է ունեցել Բերդ ու Նոյեմբերյան քաղաքներում: Զրուցել է բնակիչների հետ, ինչպես նաեւ խորհրդակցություններ անցկացրել համայնքապետերի մասնակցությամբ: Նոյեմբերյանում հանդիպման ժամանակ վարչապետը խոսել է նաեւ ադրբեջանական տարածքում հայտնված Տավուշի Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանի մասին:

Իսկ լրագրողների հետ զրույցում Փաշինյանը մեկնաբանել է հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

Լրագրողները Նիկոլ Փաշինյանին հարցրել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման եւ նրա կողմնակիցների պնդումների մասին, թե երկրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Հավելենք, որ օգոստոսի 11-ին արդեն Նիկոլ Փաշինյանը կլինի Իջեւանում եւ Դիլիջանում:

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել, նաեւ նրան կալանավորելու որոշում է կայացվել: Առաջադրված մեղադրանքը առանձնապես խոշոր չափերով խարդախության հատկանիշներով է: Անահիտ Ֆարմանյանը հետախուզման մեջ է: Նշենք, որ նա Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է: Անդրադառնալով մեղադրանքին՝ պատգամավորը հայտարարարել է, որ Անահիտ Ֆարմանյանը «հարուցված գործի հետ կապ ունի այնքանով», որքանով իր հարազատ քույրն է:

Հայաստանում եւս մեկ կուսակցություն կստեղծվի: Նոր ուժը պատրաստվում է ստեղծել քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ու մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Քաղաքագետը նշել է, որ մի խումբ համախոհների հետ Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (ՀՔԴԿ) են ստեղծելու՝ իրենց նպաստը բերելու հայրենիքի վերաշինության եւ «Չորրորդ հանրապետության կայացման գործում»:

«Ժառանգություն»-ը հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման մասին: Կուսակցությունն այսօր վարչության նիստ է անցկացրել՝ օրակարգային մեկ՝ ավագանու ընտրությունների հարցով: «Ժառանգություն»-ը, սակայն, դեռեւս չի հայտնում, թե ո՞վ է իրենց քաղաքապետի թեկնածուն կամ ի՞նչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին:

Վրաստանում Կազբեգի լեռան վրա այս տարվա առաջին ձյունն է տեղացել: Կազբեգին Կովկասի ամենաբարձր լեռներից է եւ մշտապես սառույցով է պատված: Ձյուն է տեղացել նաեւ վրացական Գուդաուրի լեռնային հանգստավայրում: Վրաստանում հյուսիս-արեւմուտքից սառը օդային հոսանքներ են սպասվում, ժամանակ առ ժամանակ՝ անձրեւ, ամպրոպ եւ կարկուտ: Քամու ուժգնացման հետեւանքով էլ ծովի ալիքների տատանումները կկազմեն 3-4 բալ:

Մինչ այդ հաղորդվել էր Սեւ ծովի վրացական ափերին փոթորկի վտանգի մասին: Աջարիայում արդեն տեղատարափ անձրեւներ են գրանցվել: Բաթումում, Քոբուլեթիում եւ Մախինջաուրիում փողոցներն ու ավտոճանապարհները ջրածածկ են եղել: Բաթումում ավտոտրանսպորտի երթեւեկությունը խափանվել է, շենքերի նկուղները, ինչպես նաեւ առաջին հարկերում գտնվող բազմաթիվ խանութներ հեղեղվել են, շուրջ մեկ տասնյակ գյուղեր էլ հոսանքազրկվել են: Հատուկ շտաբ է ստեղծվել՝ ջրհեղեղի հետեւանքների դեմ պայքարելու համար:

Օգոստոսի 10-ին դոլարը փոքր-ինչ թանկացել է, իսկ եվրոն՝ կտրուկ նվազել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 552, ռուբլունը՝ 7 դրամ 21 լումա, ֆունտինը՝ 616 դրամ:

Օգոստոսի 11-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես առանձին հատվածներում տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն: