Այսօր՝ սեպտեմբերի 21-ին նշում ենք Հայաստանի Անկախության օրը: Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին: Դրանից մեկ տարի անց՝ 1991 թվականին, Գերագույն Խորհրդի որոշմամբ, սեպտեմբերի 21-ին Հայաստանում հանրաքվե անցկացվեց եւ ժողովուրդն «այո» ասաց անկախությանը: Վաղ առավոտյան Հայաստանի եւ Արցախի բարձրագույն ղեկավարությունը եւ հոգեւորականներ Եռաբլուրում էին:

Հետո ընդունելություն է տեղի ունեցել նախագահական նստավայրում: Արմեն Սարգսյանը պարգեւներ է հանձնել ոստիկանների, զինվորականների, հրադադարի պայմաններում հակառակորդի սադրանքների արդյունքում վիրավորված զինծառայողների:

Երեւանում տոնի առիթով բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվել: Հանրապետության հրապարակն առավոտից փակ էր, հրապարակի հարակից փողոցներում տարբեր ոճի երաժշտության կատարումներ էին հնչում: Մեկ ժամ էլ տրամադրվել էր «սելֆիին»:

Բաղրամյան 26-ում կազմակերպված ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ազդարարել է. այստեղ դռներն այլեւս երբեք չեն փակվելու ժողովրդի առջեւ:

Կեսգիշերին մոտ տոնական միջոցառումները կեզրափակվեն հրավառությամբ: Հավելենք, որ Անկախության տոնի առիթով Հայաստանի վարչապետն ու նախագահը դեռ նախօրեից շնորհավորանքներ են ստանում աշխարհի տարբեր ծայրերից: Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին:

Սիրիայում հայկական զորախումբը հումանիտար գործողության է մասնակցելու: Պաշտպանության նախարարի հավաստմամբ՝ որեւէ կոնֆլիկտի մեջ չի ներքաշվելու, գործողությունն իրականացվելու է ՄԱԿ-ի կոչի ներքո:

Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաեւ սահմանային իրավիճակին: Լրագրողները հարցրել են նաեւ, թե ի՞նչ պայմաններում է օրեր առաջ զոհվել պայմանագրային զինծառայողը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին հակառակորդի կրակոցից զոհվել էր պայմանագրային զինծառայող, 38-ամյա շարքային Հայկազ Մաթեւոսյանը: Սեպտեմբերի կեսին էլ Կոթի գյուղի գնդակոծության հետեւանքով խաղաղ բնակիչ էր վիրավորվել՝ 60-ամյա Սուրեն Սեփխանյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանն այսօր անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Յուրի Խաչատուրովը կազմակերպության մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաեւ սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների՝ վերջին շրջանում հաճախակի դարձած գնդակոծման դեպքերի առնչությամբ: «Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման եւ տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»,- ասված է Յուրի Խաչատուրովի մեկնաբանությունում։

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին հաշված ժամեր են մնացել. սեպտեմբերի 22-ին «լռության օր» է: Այդ օրն ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկացած քարոզչություն արգելվում է: Իսկ քվեարկությունը տեղի կունենա կիրակի. ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 08.00-ից մինչեւ 20:00-ն: Նշենք, որ ավագանու 65 տեղի համար պայքարում է 12 քաղաքական կուսակցություն եւ դաշինք:

Ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 44 տեղական եւ 5 օտարերկրյա լրատվամիջոց, իսկ դիտորդական առաքելություն կիրականացնի 8 տեղական եւ 1 միջազգային կազմակերպություն:

Սեպտեմբերի 22-ին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն: