Վարչապետի պաշտոնակատարը այսօր Արագածոտնում էր․ Աշտարակի կենտրոնական հրապարակում Փաշինյանին դիմավորեցին սելֆի անելու հրավեր-հրմշտոցով։ 

Արդեն Ապարանի հրապարակում Նիկոլ Փաշինյանը խոսեց ընտրական ազատությունների մասին, որոնք ապահովելու ճանապարհին խոստացավ արմատախիլ անել «ասողների» ինստիտուտը, իսկ կաշառք տվողին՝ անդամահատել՝ ոչ ուղիղ իմաստով։ 

Փաշինյանի երեկվա երկար ասուլիսը Աշոտյանը դեռ երեկ համարել էր քարոզչական հսկայական նյութ, և գիշերվանից, նաև այսօր քննարկում է դրա առանձին դրվագներ․ նախ ասուլիս տվողը Աշոտյանին թվացել է ջղային, ոճն էլ՝ ցածրորակ։ 

Գլխավոր քարտուղարի չորրորդական հարցին Աշոտյանն անդրադարձավ՝ հիշեցնելով նախորդած սերիաները, ինչպես նա անվանեց, «ՀԱՊԿ-ում Հայաստանի արկածները» սերիալի։ 

Արձակված խորհրդարանն այսօր հավաքվել էր մի քանի հարցի շուրջ և բացի բյուջեի նախագծից՝ քննարկեց նաև 50 միլիոն դոլարի մի վարկային համաձայնագիր։ Ինչո՞ւ օլիգարխ թափ տալով չեն լցվում բյուջի ճեղքերը՝ հարցրին Հանրապետական ֆրակցիայից։ 

Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը պետք է սկսվեր այսօր, բայց հետաձգվեց Գրիգորյանի փաստաբանի դիմումով ։ Քաղաքագետը կասկածանք էր հայտնել, որ ապրիլի պատերազմին Խաչատուրովը տեղում չի եղել և որ՝ վաճառել է որոշ տարածքներ։ Այս կասկածները շրջում էին նաև համացանցում, բայց գեներալը վիրավորվել է հենց քաղաքագետի խոսքերից։ Խաչատուրովը Ստեփանյանից պահանջում է հերքում և որպես փոխհատուցում երկու միլիոն դրամ։ 

Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատական նիստը ևս հետաձգվեց. պաշտպանը գրավոր դիմում էր ներկայացրել։ Հայկ Սարգսյանի հետ փորձեցին զրուցել լրագրողները․ նրանց հարցերին Սաշիկի որդին պատասխանեց կարճ՝ «չգիտեմ, չեմ կարա ասեմ»։ 

Մշակույթի նախարարը թույլ չի տվել բալետի մենապարող Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը կազմակերպել Օպերայի շենքում։ Աշխատակազմի ղեկավարը սակայն ասաց, թե Մակունցը իրավասություն չունի մերժելու՝ կա կառավարության որոշում, հաստատված ընթացակարգ։ NEWS.am-ին Մուրադյանը նաև պատմեց, որ Վահագն մտերիմները երեկ երեկոյան՝ աշխատանքային օրվա ավարտից հետո են դիմել իրենց եւ ընդամենը մի քանի ժամում հնարավոր չէր կազմակերպել վերջին հրաժեշտը: Ավտովթարից մահացած արտիստի հուղարկավորությունը վաղն է՝ Արմավիրի Ապագա գյուղում։ 

Դոլարի դանդաղ անկումը կանգ չի առնում, այսօր կազմել է 484։ Էժանացել են նաև եվրոն և բրիտանական ֆունտը․ եվրոն 551 դրամ է, ֆունտը՝ 618, ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե անփոփոխ է՝ 7 ու 35 դրամ: 

Հանրապետությունում նոյեմբերի 22-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն: Ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երեւանում սպասվում է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +9+11: