Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Կան փաստեր, եւ կան առասպելներ: Առաջինները վերցված են կյանքից, երկրորդները՝ շատ տեղերից, մասնավորապես՝ ֆեյսբուքյան եւ կայքային անիմաստ քննարկումներից: Բերեմ առասպելաբանության մի քանի օրինակ:

Եթե Բիշքեկում Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, կայքերի վերնագրերը կլինեին մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ` «Եվս մի շառաչուն ապտակ Հայաստանին` իր «դաշնակիցների» կողմից»: Բայց քանի որ Խաչատուրովը զբաղեցրեց այդ պաշտոնը, վերնագրերն այլ էին՝ «Գտնվեց Հայաստանին նվաստացնելու եւս մի ձեւ»: Եթե ցանկություն կա ինչ-որ մի վատ բան ասելու, ընդ որում՝ ասելու առանց լուրջ մտավոր ճիգերի, առիթը միշտ էլ կգտնվի:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատրաստվում է զեկույցով ներկայացնել անցած տարվա հուլիսին ոստիկանության գործած տարբեր տեսակի ապօրինություններ` առանց հիմքի բերման ենթարկելը, քաղաքացիներին ներքին զորքերի գնդում պահելը, լրագրողների վրա թիրախային հարձակումները, հատուկ միջոցների ոչ պատշաճ կիրառումը եւ այլն: Բայց դա, ըստ որոշ «ֆեյսբուքյան ակտիվիստների», քիչ է. Oմբուդսմենն իր զեկույցում պիտի գրի` «Կեցցե «Սասնա ծռերի» ապստամբությունը եւ նրանց միացող ըմբոստ ժողովուրդը»: Այդ բացականչությունների մեջ առանձին իմաստ չկա, մանավանդ, եթե դրանք հնչեցնի Մարդու իրավունքների պաշտպանը: Փոխարենը զինված քաղաքական պայքարի հերոսացման եւ դրա շուրջը առասպելներ հյուսելու «թրենդի» մեջ են:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասում է, որ օպերայում եթե լինի էլ ռեստորան, ապա միայն օպերայի այցելուների համար, եթե կառուցվի շոգեբաղնիք, ապա միայն արտիստների համար, որպեսզի նրանք միշտ լավ «մարզավիճակում» լինեն: «Ֆեյսբուքահայությունը» կամ չի հասկանում, թե ինչ է ասում նախարարը, կամ ձեւ է անում, որ չի հասկանում, եւ հեգնում են՝ «գնանք օպերա, մի կտոր քյաբաբ ուտենք», կամ՝ «մի հատ ծտերին վեկալենք, գնանք օպերայի սաունա»: Քարոզչություն է, որը չի ցանկանում հաշվի նստել փաստերի հետ:

Երբ ինչ-որ բաներ ասվում են օդի մեջ՝ պարզապես «խիզախ ընդդիմադիր» երեւալու համար, դրանց ազդեցությունն իրականում զրո է՝ կասի, կաքլորանա, կգնա: Եվ հակառակը՝ երբ կան փաստեր, ապա դրանց շուրջ անհրաժեշտ չէ լեգենդներ հորինել: Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ապօրինի աշխատանքը հօգուտ ՀՀԿ-ի փաստ է, «ՍԱՍ գրուպում» ժողովը փաստ է: Եվ այդ փաստերի դեմ իշխանությունը ոչինչ չի կարող անել՝ նույնիսկ եթե միլիոնավոր քրեական գործեր հարուցի տեղեկատվությունը տարածողների դեմ:

Որքան շատ հայտնաբերվեն նման փաստեր, այնքան լավ: Ինչը չես ասի օդի մեջ խոսակցությունների մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ