Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Կա ավտորիտար ղեկավարների մի տեսակ, որը կարծում է, թե իր հասցեին հրապարակավ հնչած ցանկացած թթու խոսք մահացու վտանգ է ներկայացնում կառավարման ամբողջ համակարգի համար: Այդպիսիք են Էրդողանը, Ալիեւը, Քոչարյանը, Լուկաշենկոն: Այդ տիպի ղեկավարները, հավանաբար, բացի ամեն ինչից, առաջնորդվում են նաեւ ինչ-որ ֆրեյդիստական բարդույթներով, ինչ-որ մանկական հիշողություններով, երբ իրենց չի հաջողվել դրսեւորվել որպես «ուժեղ տղամարդ», եւ հիմա խնդիր կա փոխհատուցել կորցրած հնարավորությունը:

Սովորաբար նրանք առավել թշնամաբար են տրամադրված լինում խոսքի ազատության նկատմամբ եւ ամեն ինչ անում են, որպեսզի որեւէ ամբիոնից նրանց մասին որեւէ բացասական բառ չհնչի:

Միջազգային ասպարեզում, իհարկե, նույնն է: Եվրոպայի խորհուրդը ցանկանում է Թուրքիայում մշտադիտարկում անցկացնել՝ տեսնելու համար, թե ինչ իրավիճակ է այդ երկրում՝ մարդու իրավունքների հետ կապված, այդ ինչու են Թուրքիայում հազարավոր մարդիկ նստած, այդ թվում՝ լրագրողներ, պատգամավորներ, այդ ինչպես եք ուզում վերականգնել մահապատիժը: Եվրոպայի խորհրդի այդ մտադրությունը Թուրքիայի իշխանություններին ակնհայտորեն դուր չեկավ, եւ պատասխանը մոտավորապես հետեւյալն է՝ դուք ով դառաք, որ մեզ մոտ մոնիտորինգ անցկացնեք, մեզ խելք մի սովորեցրեք, մենք աշխարհի ամենաժողովրդավար երկիրն ենք:

Որպես այդ «խրոխտ» կեցվածքի դրսեւորում՝ Թուրքիան նախ սպառնաց, որ ընդհանրապես դուրս կգա Եվրոպայի խորհրդից, իսկ այնուհետեւ փաստացի արգելեց ԵԽ զեկուցողների մուտքն իր երկիր: Նմանատիպ կեցվածք, ի դեպ, դրսեւորեց Վենեսուելան՝ դուք Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ուզում եք քննարկել մեր երկրում ստեղծված վիճակը (այնտեղ արդեն մի ամիս է՝ ընդդիմության բազմահազարանոց ցույցեր են՝ բախումներով, սպանվածներով, վիրավորներով), ուրեմն մենք դուրս կգանք այդ կազմակերպություններից:

Այդ երկու դեպքերը եւս մեկ անգամ ապացուցում են, որ հակաեվրոպական կամ հակաարեւմտյան քարոզչությունն ի վերջո իրականացվում է իշխանությունների կողմից, որոնք արտաքուստ շեշտը դնում են, ասենք, «թուրքի գենի» առանձնահատկությունների վրա, բայց իրականում այդ խոսակցությունները ծխածածկույթ են՝ իրենց, իշխանությունների կամայականությունների համար:

Եթե մարդու իրավունքները եւ իշխանությունների թեւերի տարանջատումը հնարել են մասոնները, ապա որեւէ անհրաժեշտություն չկա հետեւելու այդ «ազգուրաց» արժեքներին: Ներքին սպառման համար դա երբեմն անցնում է՝ մանավանդ Թուրքիայի պարագայում, կենտրոնական, գյուղական շրջաններում: Արտաքին աշխարհի առումով դա «ուտվող ապրանք չէ», որովհետեւ Թուրքիայի քաղաքական, ռազմական եւ տնտեսական հիմնական կապերն Արեւմուտքի հետ են:

Հետեւաբար այդ «աքլորանալը» («դուրս կգանք», «դիտորդներին չենք թողնի» եւ այլն) ունի որոշակի սահման: Որքան էլ եվրոպական արժեքներն Էրդողանի համար ատելի լինեն, նա, միեւնույն է, կշարունակի ձեւ անել, որ դրանք իր համար խորթ չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ