Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ Սերժ Սարգսյանը «Սասնա ծռերի» զինաթափումից անմիջապես հետո խոսեց ազգային համաձայնության իշխանության ձեւավորման անհրաժեշտության մասին, շատերը ենթադրեցին, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրերը հաշված են: Այդպես էլ եղավ, սակայն Կարեն Կարապետյանի ձեւավորած կառավարությունն որեւէ աղերս չունի ազգային համաձայնության հետ` թե քաղաքական բաղադրության եւ թե օրակարգի առումով:

Մնում էր ենթադրել, որ Սարգսյանն այդ գաղափարը շրջանառության մեջ է դրել` մեկ այլ առիթով ու հավանաբար հենց իր համար օգտագործելու նպատակով: Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ այդպես էլ կա:

Առաջինը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը բարձրաձայնեց, թե իրենք կողմ կլինեն, որ 2018-ի ապրիլից հետո Սերժ Սսրգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Սա խորհրդարանական ընտրություններից առաջ էր, իսկ երեկ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարին, ըստ էության, դեմ չի արտահայտվել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Իհարկե, Ռուստամյանի ու Բոստանջյանի կարծիքներում շեշտադրումների տարբերություններ կան, սակայն դրանք մարտավարական բնույթի են` պայմանավորված թերեւս այն հանգամանքով, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերն է, իսկ ԲՀԿ-ն, ֆորմալ առումով, գոնե այս պահին ընդդիմություն է:

Էականն այն է, որ հանրային գիտակցության մեջ «ազգային համաձայնության իշխանության» գաղափարը «եփվում» է, ընդ որում` առանց ՀՀԿ-ի նախաձեռնության, նույնիսկ` մասնակցության: Սերժ Սարգսյանը սրանով միանգամից երկու խնդիր է լուծում` նախ ձեւավորում է այն «ոչ թղթային», ստվերային մեծամասնությունը, որը թվակազմով ձգում է «ազգային համաձայնության» գաղափարին, եւ երկրորդ` ՀՀԿ-ին հասկացնում է, որ միշտ էլ կարող է «այլընտրանքային» հենարան ստեղծել, եթե համակարգի ներսում որեւէ մեկը փորձի ուժերի բալանս փոխել:

Կասկածից վեր է, որ 2018թ-ի ապրիլին միանգամայն ծանրակշիռ եւ, քաղաքական տեսանկյունից, լեգիտիմ կլինի ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումը, մանավանդ, եթե դրան նախորդեն ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի հորդոր-խնդրանքները: «Ազգային համաձայնության» նման միջավայրին դժվար թե դիմադրեն մեր հասարակությունն ու միջազգային հանրությունը, մանավանդ, եթե անվտանգության բաղադրիչի համատեքստում` Սարգսյանն այս պահին մրցակիցներ չունի ոչ համակարգում, ոչ էլ` դրանից դուրս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ