Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ցանկացած ներկայացուցիչ՝ լինի նա երկրի առաջին դեմք, իշխանական թե ընդդիմադիր պատգամավոր, առաջին հերթին խոսում է Արցախի խնդրի մասին: Ես հասկանում եմ, թե ինչու է այդպես, բայց շատ կցանկանայի, որ այդպես չլիներ, որովհետեւ Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները լուծելու հարթակ չէ՝ այդ կառույցի առաքելությունը եվրոպական արժեքների շուրջ համախմբումն ու համագործակցությունն է:

Դա առայժմ այնքան էլ լավ չի ստացվում՝ նաեւ կառույցի ներքին խնդիրների պատճառով, ինչի մասին, ի դեպ, երեկ խոսել է նաեւ Հայաստանի նախագահը: Բայց «չստացվելու» հիմնական պատճառն այն է, որ ԵԽԽՎ-ում տարբեր երկրներ, նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը նստաշրջանի ժամանակ սկսում են իրար հետ «հաշիվ մաքրել»:

Իհարկե, դրա նախաձեռնողը սովորաբար ադրբեջանական պատվիրակությունն է լինում, ինչպես որ երեկ էր, երբ այդ պատվիրակության ղեկավար Սեիդովը գրգռված ձայնով կրկնեց ադրբեջանական քարոզչության, իմ կարծիքով, հնացած փաստարկները: Բայց եթե փաստարկները հնչում են, մերոնք ստիպված են պատասխանել, եւ ԵԽԽՎ մանդատից դուրս ծավալվող բանավեճն անխուսափելի է: Բայց ընդհանուր առմամբ պետք է ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլեւ մնացած միջազգային հարթակներում խուսափել, որ Հայաստանը մնա «Ցեղասպանություն, Ղարաբաղ, Ռուսաստանի ֆորպոստ» ասոցիատիվ տխուր շարքի մեջ:

Ինձ թվում է՝ պետք չի քաշվել եւ բարդույթավորվել, անհրաժեշտ է անկաշկանդ, հավասարը հավասարի պես մնացած եվրոպական (իսկական եվրոպական) երկրների հետ քննարկել համաեվրոպական օրակարգը: …

Մեր պատգամավորներից Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ: Նա ներկայացնում է մեր հասարակական վերնախավի երիտասարդ սերունդը, որն ամբողջությամբ կայացել է անկախ Հայաստանի ժամանակաշրջանում. նրա համար եվրոպական արժեհամակարգի մեջ տեղավորվելը շատ ավելի դյուրին է, քան իմ հասակակիցների, նա չունի լեզվական եւ այլ խոչընդոտներ:

Վստահ եմ, որ ԵԺԿ խմբում քննարկվելու են տարբեր եվրոպական երկրներում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, եւ մեր ներկայացուցիչն ակտիվորեն կմասնակցի այդ քննարկումներին: Կարծում եմ՝ դա կարեւոր է նաեւ Արցախի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ