Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Երբեմն ես զարմանում եմ, թե որքան հեռու են իրականությունից կուսակցությունների պատկերացումները: Հատկապես՝ նախկին իշխող կուսակցությունների պատկերացումներն անցյալի մասին: Այս պահին, օրինակ, կոմունիստներն եւ ՀՀՇ-ականները կարծում են, որ ժամանակին հայաստանցիներն իրենց ավելի քիչ էին ատում, քան ներկայումս ատում են ՀՀԿ-ականներին:

Այդ պատրանքը, բնականաբար, իր բացատրություններն ունի. այժմ՝ տարիներ, տասնամյակներ անց, բնակչության զգացմունքներն այնքան էլ սուր չեն, ատելությունը բթացել է, եկել են նոր սերունդներ, որոնք կոմունիստների եւ նույնիսկ ՀՀՇ-ականների ժամանակ չեն ապրել, իսկ հիմա այդ կուսակցությունները մեր կյանքում ոչ մի դեր չեն խաղում եւ, համապատասխանաբար, «հակահերոսի» դերի համար պիտանի չեն: Բացի այդ, զգացմունքների նույն բթացման պատճառով շատերը հիշում են իրենց երիտասարդությունը եւ ասում են՝ «նրանց ժամանակ հըլը փառք էր»:

Եթե կուսակցությունները չեն կարողանում ադեկվատ ընկալել անցյալը եւ իրենց հանդեպ հասարակության վերաբերմունքը, ապա շատ բնական է, որ նրանք ունակ չեն ընկալել, թե ինչ է այժմ կատարվում: Հանրապետականները, եթե ցանկանում էին մնալ քաղաքական ասպարեզում, ապա այս չորս ամսում պետք է կտրուկ քայլեր կատարեին, փոխեին իրենց լիդերին, գուցե՝ կուսակցության անունը, հստակ խոսեին իրենց սխալների եւ ձախողումների մասին:

Հիմա արդեն ուշ է. իշխանության կողմից կազմակերպված ցանկացած «ուժային» ակցիա, այդ թվում՝ Ազգային ժողովի շրջափակումը, որպեսզի վարչապետի հնարավոր հրաժարականից հետո խորհրդարանի նիստեր չկայանան, ցանկացած նման միջոցառում ծափողջույններով է ընդունվելու հայաստանցիների մեծամասնության կողմից: Ճիշտ այնպես, ինչպես ֆեյսբուքում հարյուրավոր լայքեր է հավաքում ցանկացած հանրապետականի հասցեին ցանկացած հայհոյանք:

Բայց իրավիճակն ադեկվատ չեն գնահատում նաեւ մյուս կուսակցությունները: Երեւանի ավագանու ընտրությունները պետք է ահազանգ դառնային, մասնավորապես, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ «Լույս» դաշինքի համար: Նրանք, իհարկե, ճիշտ վարվեցին՝ «Իմ քայլին» շնորհավորելով: Բայց, բացի շնորհավորանքներից, պետք էր նաեւ հասկանալ պարտության պատճառները, գուցե «ռեբրենդինգ» անել կուսակցությունները եւ, ամենակարեւորը, դուրս գալ «ազգային համաձայնության» կառավարությունից:

Այս դեպքում գուցե դեռ ուշ չէ, բայց եթե դա չարվի՝ Ազգային ժողովի ընտրությունները դարձյալ «տհաճ անակնկալ» կմատուցեն այդ կուսակցություններին: Պարզ է, որ անելիքներ ունեն նաեւ հեղափոխականները: Բայց նրանց անելիքներն այնքան շատ են, որ այս հոդվածի շրջանակներում դրանք հնարավոր չէ անգամ թվարկել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ