Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ի սկզբանե պարզ էր, որ Ամուլսարի խնդրի լուծումը կախված է միայն մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, եւ այդ որոշումը կլինի զուտ քաղաքական. փորձաքննություն, ՇՄԱԳ, «Էլարդ», կառավարվող ռիսկեր եւ այլն՝ դրանք այդ որոշման, այսպես ասենք, «դիզայնն» են: Սկզբից վարչապետը հակված էր ասել «այո» հանքի շահագործմանը, բայց այժմ, զգալով հայաստանցիների ակտիվ բացասական վերաբերմունքը, հակվում է «ոչ»-ի կողմը: Այդպիսով, միանշանակ է, որ նույն քաղաքական որոշման հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը «Լիդիանից» պահանջելու է եւս մեկ փորձաքննություն, եւ հարցը հետաձգվելու է մի քանի ամսով: Էջը դրանով փակվելու է, կրքերը ժամանակավորապես հանգստանալու են, հասարակությունը դարձյալ կկենտրոնանա նախկիններին պատժելու «հավերժ» թեմայի վրա: Ասեմ, որ ինքս ջատագովը չեմ այդպիսի բարձրության վրա, բնակավայրերին եւ հատկապես առողջարանին այդքան մոտիկ գտնվող բաց հանքի շահագործման: (Իհարկե, «աղետի» եւ «հայ ժողովրդի կործանման» մասին կանխատեսումները խիստ չափազանցված են, սակայն այդ հիստերիան լուրջ ազդեցություն է թողնում նաեւ մտածող մարդկանց վրա): Եթե կառավարությունը տարբերակ ունի «ցրելու» այդ խնդիրը, բնականաբար, պետք է այդպես էլ անի: Բայց մտավախությունս այն է, որ կառավարությունները հաշվում է ոչ թե ընդունվելիք որոշուման «պլյուսների» եւ «մինուսների» հաշվեկշիռը, այլ իր վարկանիշի միավորները, որոնք, բնականաբար, պակասելու են ոչ «ժողովրդահաճո» որոշում կայացնելու դեպքում: Եվ ինչո՞ւ միայն կառավարությունը: Գրեթե ոչ մի կուսակցություն չուզեցավ «միավորներ կորցնել» Ամուլսարի հարցում եւ հանդես գալ բանական փաստարկներով, տուրք չտալ հիստերիային ու պոպուլիզմին: Բացառություն էին «Հանրապետությունն» ու «Ժառանգությունը»: Գրեթե ոչ մի պատգամավոր չցանկացավ հաշվարկել հանքի շահագործման դրական եւ բացասական կողմերը: Բացառություն էին «տնտեսական բլոկի» պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանը, Հայկ Գեւորգյանը: Չեմ ասում՝ նրանք ճիշտ են կամ սխալ: Ասածս այն է, որ ժողովրդավարության պայմաններում իշխանություններին «քլնգելու» համար խիզախություն պետք չի: Քաղաքացիական արիություն է պահանջում ոչ պոպուլիստական բաներ ասելը եւ դրա համար թուքումուր ուտելը: Հատկապես դա վերաբերում է մտավորականներին: Թող ինձ ներեն «ժողովրդական մարդիկ», բայց ինձ թվում է, մտավորականը պետք է մի քիչ սնոբ լինի:

…Չգիտեմ ինչու, հիշեցի այն ժամանակները, երբ ժողովուրդը շատ էր սիրում Տիգրան Կարապետովիչի «գեղջկական շոուները»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ