Երեւանում ապրիլի 21-ին կայացել է «Բրենդներ եւ բիզնես» միջազգային կոնֆերանսը` նվիրված բրենդինգին:
Նախընտրական քարոզարշավի ամենաթեժ շրջանում NEWS.am-ի թղթակիցը Maeutica Moscow Brand Consultancy գործակալության գործադիր տնօրեն Գրիգոր Բադալյանի հետ զրուցել է քաղաքական բրենդների մասին:
Ինչպիսի՞ն են Հայաստանում նախընտրական պաստառներից ստացած Ձեր տպավորությունները:
Դրանք նույն հին բրենդներն են, որոնք աստիճանաբար դուրս են գալիս: Դրանցում քաղաքական գործիչներն իրենց աստվածներ, թագավորներ եւ հերոսներ են ցուցադրում, որոնք միայն խոստումներ են տալիս եւ փրկություն բերում: «Ընտրիր ինձ վերջին անգամ, եւ ամեն ինչ լավ կլինի». ահա գլխավոր թեման, միտքը: Ես անձամբ նոր, հետաքրքիր, Հայաստանի ապագայի հետ կապված վառ պատմություններ չեմ լսել: Տվյալ պաստառներն ինչ-որ մեկի անձնական բրենդն են, որը շարունակվում է որպես կուսակցական բրենդ, ինչը բավականին հնացել է:
Շատ կուսակցություններ փորձում են շեշտը դնել նրա վրա, որ իրենք մեծ են, հարուստ, եւ իրենց փորձն օգտագործում են ընտրողներին օգնելու համար: Ինչ եք կարծում, ներկայումս, նկատի ունենալով սոցիալական լրատվամիջոցների աճող դերը, ճի՞շտ կլինի արդյոք նախընտրական քարոզարշավը տանել այդ ուղղությամբ:
Դա կախված է ընդհանուր լսարանից: Եթե դա իշխող կուսակցություն է, ապա պետք է ցույց տա, որ շատ հարուստ է, ուժեղ, դա անհրաժեշտ է: Եթե ընդդիմադիր կուսակցությունն ասում է, որ մենք ձեզ կկերակրենք, ապա դա ծիծաղելի է: Հարց, եթե դուք փող ունեք, ապա` որտեղի՞ց: Իսկ եթե կուսակցությունն այն զգացողությունն ունի, որ լսարանը սպասում է, որ կգա կուսակցություն, որը նրանց կկերակրի, ապա նման մոտեցումը ճիշտ է: Գոյություն ունի միջին խավ, որն անձամբ կարող է վաստակել, սակայն նա փոփոխություններ է ուզում: Նման լսարանի հետ պետք է տանել որակյալ, իմաստալից երկխոսություն: Կուսակցությունը պետք է բացատրի. «Ով ենք մենք, ինչու է ձեզ պետք մեր օգնությունը»:
Հայաստանը փոքր երկիր է: Սա Ռուսաստան չէ, որտեղ յուրաքանչյուր մարզում քարոզարշավի վարման սեփական խնդիրները կան: Հայաստանի պես փոքր այլ երկրներում արդեն կան ձեւավորված մեթոդներ: Ի՞նչ եք կարծում, դրանցից որն է առավել արդյունավետ 21-րդ դարի Հայաստանի համար: Ինչի՞ վրա կուսակցությունը պետք է շեշտադրում անի:
Չկա բաղադրատոմս, որ կաշխատի փոքր կամ մեծ երկրներում: Հաջողության գրավականն այն է, թե որքանով է տվյալ քարոզարշավի ռազմավարը կերատիվ, որքանով է հասկանում լսարանին ոչ գիտակցական մակարդակում: Եթե հասկանում է, կհասնի հաջողության:
Եթե ճիշտ կառուցես քաղաքական բրենդը, կհաղթես: Իշխանության աղբյուրը ոչ թե նյութականի մեջ է, այլ պատկերի, գաղափարի: Ամենահայտնի բրենդը Բարաք Օբաման է, որ ստեղծվել է Դեվիդ Աքսելրոդի կողմից: Նա կիրառում էր «Հիսուսի երկրորդ գալստյան» բրենդը: Նա հեռացած դեմոկրատներ-հանրապետականներ դիմակայությունից եւ նոր տիպաժ ներկայացրեց:
Օբաման` կրոնական բրենդ է, նա ասոցացվում է խորը հոգեւոր ակնկալիքների հետ: Ոչ գիտակցականի ճիշտ ընտրված արխետիպը թույլ տվեց հասնել հաղթանակի: Կարեւոր է ոչ այն , թե ինչ են խոսում մարդիկ, այլ ինչ են զգում: Մարդու ենթագիտակցության խորը մակարդակներից սիմվոլների վերհանման աշխատանքը արմատապես փոխում է խաղի կանոնները:
Ամեն երկրի դեպքում հարցը վերաբերում է կրեատիվությանը: Քաղաքական գործիչը պետք է հասկանա, թե ինչով է ապրում իր ժողովուրդը: Եթե ճիշտ հասկանա, թե ինչն է ցավում, կհաղթի:
Բրենդի հայտարարած խոստումները, որպես կանոն, 90 տոկոսով իրականանալի չեն: Ինչպիսի՞ն է հարաբերակցությունը տրված խոստումների եւ դրանց իրականացման միջեւ:
Հաղթում է նա, որ կատարում է խոստումները, դա պարզ է, բայց այն պայմաններում, երբ մարդիկ ավելի տեղեկացված են ինտերնետից եւ կարող են շատ տեղեկություններ գտնել քաղաքականության մասին, նրանք այլեւս անդեմ զանգված չեն, այլ անդամահատված: Մարդն արդեն մտածում է, զգում եւ կողմնորոշված է կատարել այս կամ այն քաղաքական ընտրությունը:
Խոստումների ամբողջական չկատարումն, իհարկե, քաղաքական ռազմավարության հարց է, բայց այն ոչ մի տեղ չի տանում: Խոստումները չկատարելու հին մոդելներն այլեւս չեն աշխատում: Նոր դարաշրջանում շատ ավելի հեշտ է պատժել խոստումները չկատարելու համար: Եթե չկա լեգիտիմություն, չկա նաեւ ուղղակի ժողովրդին դիմելու ցանկություն, ոչինչ չի աշխատում:











