Արևելքից Արևմուտք տանող ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանով, իսկ դա նշանակում է, որ Արևելքից Արևմուտք տանող կարճագույն ճանապարհն անցնում է Ադրբեջանով և Թուրքիայով, քանի որ Արևելքից Արևմուտք կարճագույն ուղին չի կարող անցնել Հայաստանով, բայց չանցնել Ադրբեջանով և Թուրքիայով։ Այս մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն – 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախկինում արձանագրվում էր, որ ՀՀ-ն ունի շատ բարդ և խնդրահարույց աշխարհագրական դիրք, որովհետև գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում՝ ունենալով խնդրահարույց հարևանություն և հետևաբար՝ այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր: Թերևս այս ընկալումն էր, որի ծագումնաբանության մասին դեռ պետք է խոսել և մտածել, որ առաջնորդում էր մեր պետությունը, մեր գիտակցությունը, մեր բոլոր գործողությունները, որոշումները, ընկալումները մեր և աշխարհի մասին: Ես կարող եմ դա արձանագրել. տեղի է ունեցել իրապես պատմական մի իրադարձություն այն իմաստով, որ հիմա ՀՀ-ի աշխարհագրական դիրքի կարճ նկարագրությունն այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում, այլ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի նկարագրությունն այն է, որ ՀՀ-ով է անցնում Արևելքը Արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը, և այս ընկալումն իր հետ բերում է բոլորովին նոր նկար և նոր պատկեր Հայաստանի Հանրապետության, նրա վիճակի և նրա պոտենցիալի: Եվ այսօր ՀՀ կառավարության խնդիրն է հենց այս դիտանկյունից մոտենալ հարցերին և հենց այս դիտանկյան վրա կառուցել ՀՀ-ի ռազմավարությունները», - ընդգծել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը նախատեսում է երկու փոխկապակցված նախագիծ՝ «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախաձեռնությունները, որոնք ենթադրում են Արևելքի և Արևմուտքի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնում։ Վարչապետը հավելել է, որ այս նախաձեռնությունների շրջանակում նախատեսվում է կառուցել էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, նավթամուղեր և գազամուղեր։

«Մենք հիմա կենտրոնացած ենք այս խնդիր վրա, որպեսզի իրականացնենք այս պոտենցիալը, որը թաքնված է մեկ նախադասության մեջ: Այդ ամենը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությամբ հաստատված խաղաղության պայմաններում, երբ որ Հայաստանի ներդրումային միջավայրը և Հայաստանի ներդրումային կարգավիճակը էականորեն փոխվում են: Այդ կարգավիճակը փոխվում է հետևյալով, և կարծում եմ, որ սա մի արտահայտություն է, մի նախադասություն է, որը կարող է դառնալ ՀՀ-ի ներդրումային բրենդը, և այդ նախադասությունը հետևյալն է. «Ամենակարճ ճանապարհը՝ Արևելքի և Արևմուտքի միջև», - նշել է Փաշինյանը

Նա նկատել է, որ ժամանակակից աշխարհում խնդիրը ոչ միայն ապրանքների և ծառայությունների տեղափոխման անվտանգությունն է, այլև այդ տեղափոխման արագությունը, իսկ կարճագույն ուղին նշանակում է ամենաարագ, ամենաէժան և ամենաարդյունավետ ուղին։ «Մեր խնդիրը սեփական ներուժն իրացնելն է։ Մեր իրականության մեջ տեղի են ունեցել նշանակալի և հեղափոխական փոփոխություններ, որովհետև մի քանի տարի առաջ, երբ խոսում էին Հայաստանի մասին, պնդում էին, թե դա էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր է, և դա ճշմարտություն էր։ Այդ արտահայտությունը ցույց էր տալիս Հայաստանի խոցելիությունը էներգետիկայի և այլ ոլորտներում։ Այժմ Հայաստանը անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է։ Սա մեր ժամանակի ամենահետաքրքիր հանգամանքն է. ինչպե՞ս կարող է միևնույն աշխարհագրական դիրքում գտնվող երկիրը փոխել իր աշխարհագրական դիրքը։ Կարո՞ղ է նախկինում էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիրը վերածվել անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրի», - հարց է տվել նա։

Նրա գնահատմամբ՝ արևային էներգետիկայի զարգացման շնորհիվ Հայաստանում առկա է էներգետիկ աննախադեպ ներուժ և իշխանությունների խնդիրն է կենտրոնանալ այդ հարցի վրա, որպեսզի օգտագործվի այն ներուժը, որը բացվել է Հայաստանի առջև, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, և ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Փաշինյանը պարզաբանել է, որ այն ճարտարապետությունը, որի մասին այսօր խոսք է գնում, արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Նա դա անվանել է շրջադարձային կետ՝ հավելելով, որ այդ շրջադարձային պահին Մակրոնի ունեցած անգնահատելի ավանդը պարզապես դժվար է գերագնահատել։

«Այս ամենի շնորհիվ այսօր Հայաստանը գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով։ Աշխարհագրական դիրքը, որը նախկինում մեզ համար գոյաբանական սպառնալիք էր համարվում, այսօր վերածվում է առավելության։ Այժմ Եվրոպական միությունն ու միջազգային այլ կառույցներ ներդրողներին հրավիրում են Հայաստան՝ հենց այդ ներդրումներն իրականացնելու համար։ Չափազանց կարևոր է այն հարցը, թե ինչպե՞ս կարող է էներգետիկ զրոյական ռեսուրսներ ունեցող երկիրը վերածվել աննախադեպ էներգետիկ պաշարներ ունեցող պետության՝ առանց նոր հանքավայրեր բացելու։ Ինչպե՞ս կարող է երկիրը անհուսալի աշխարհագրական դիրքը փոխարինել հեռանկարային ուղղությամբ, որն առանցքային նշանակություն կունենա երկրի կայունության, խաղաղ զարգացման և անվտանգության համար», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։