Կարծում ենք, որ հայաստանյան իշխանությունները, պետական կառույցները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներն ունեն անհրաժեշտ բոլոր գիտելիքներն ու միջոցները՝ ազատ և արդար ընտրություններ կազմակերպելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
«Հենց դրան էլ սպասում ենք։ Սա այն պահն է, երբ Հայաստանի քաղաքացիները որոշում են, թե ով է կառավարելու իրենց։ Եվ սա չափազանց կարևոր պահ է ցանկացած ժողովրդավարության համար։
Հետևաբար, ակնկալում ենք, որ բոլոր կառույցները կաշխատեն պատշաճ կերպով՝ երաշխավորելու, որ հայ ժողովրդի կամքն արտացոլվի այն ամենում, ինչ տեսնելու ենք այսօրվա գործընթացում»,- ընդգծել է եվրոպացի դիվանագետը։
Ըստ նրա, ԵՄ-ն աջակցում է Հայաստանին, հայաստանյան կառույցներին, բայց չի սատարում որևէ կոնկրետ կուսակցության։
«Ոչ թե Եվրոպական միությունն է ընտրում, թե ով է կառավարելու այս ժողովրդավարական երկիրը, այլ ձեր ժողովուրդը։ Ուստի այսօր որոշումը կայացնելու են Հայաստանի քաղաքացիները։ Եվ նրանք պետք է շարունակեն օգտվել իրենց իրավունքներից՝ որպես քաղաքացիական հասարակության անդամներ՝ վերահսկելով իշխանության գործունեությունը՝ անկախ նրանից, թե ով կընտրվի։
Այսպիսով, սա այն պահն է, երբ քաղաքացիները պետք է որոշեն, թե ում են ուզում տեսնել իշխանության ղեկին և ինչպիսի քաղաքականություն են ցանկանում իրականացնել։ Հայ ժողովրդի գործընկերն ենք և, իհարկե, այստեղ ենք՝ սատարելու ցանկացած ընտրություն, որն այսօր կկատարեն Հայաստանի քաղաքացիները։
Հույս ունենք նաև, որ Հայաստանի քաղաքացիները շահագրգռված են Եվրոպական միության հետ լավ գործընկերությամբ, որպեսզի կարողանանք շարունակել աջակցել ձեզ, ձեր դիմակայունությանը, քաղաքականությանը, դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։
Ինչպես գիտեք, վերջերս գագաթնաժողով է տեղի ունեցել, և ցանկանում ենք շարունակել աշխատանքն այնտեղ քննարկված բոլոր հարցերի շուրջ։ Բայց ի վերջո հենց հայ ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի քաղաքականություն և Եվրոպական միության հետ համագործակցության ինչ ձևաչափ է ուզում տեսնել»,- եզրափակել է Մարագոսը։











