Մենք ըմբռնումով ենք վերաբերվում այն աշխարհաքաղաքական փակուղուն, որում գտնվում է Հայաստանը, և Հայաստանի հզորացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից իր աշխարհագրական, տարանցիկ, տնտեսական ներուժի առավելագույն օգտագործումը բխում են նաև Իրանի շահերից։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին TRIPP թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Իրանը վճռականորեն և հստակորեն հանդես է եկել «Զանգեզուրի միջանցք» գաղափարի դեմ, քանի որ այս ծրագիրը հանգեցնում է Հայաստանի ինքնիշխանության նվազեցմանը։

Ցանկացած այլընտրանքային նախագծի շրջանակում Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի համար կարմիր գիծ է։

Եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ Հայաստանի ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը հայտնվեն սպառնալիքի տակ, ապա Իրանը վճռական և շատ լուրջ դիրքորոշում կդրսևորի»,- նշել է դեսպանը։

Նա նշել է, որ հարցի ուսումնասիրությունը պետք է սկսել այն աշխարհաքաղաքական փակուղուց և պատմական սեղմվածության զգացումից, որոնք Հայաստանը ապրել է տարբեր պատմական ժամանակաշրջաններում։

«Հենց աշխարհաքաղաքական փակուղին է նպաստել, որ Հայաստանում ձևավորվել է այնպիսի մտածողություն, թե պետք է օգտագործել երկրի ներուժը՝ փակուղուց դուրս գալու համար։

Աշխարհաքաղաքական մեկուսացման և պատմական սեղմվածության զգացումը ավելի կարևոր դեր է խաղացել, քան տնտեսական նկատառումները, ինչն էլ հանգեցրել է Հայաստանի պատրաստակամությանը միանալու այն նախագծին, որը Նախիջևանը կապում է Ադրբեջանի հետ, իսկ դրա միջոցով՝ Թուրքիան Բաքվի հետ։

Թե TRIPP նախագիծը ինչպես կարող է օգնել Հայաստանին դուրս գալ մեկուսացումից և ազատվել սեղմվածության զգացումից, վիճելի հարց է, և միայն ժամանակը ցույց կտա՝ դա իրագործելի է, թե ոչ։

Երկրորդ հարցը, որի մասին պետք է մտածել, Հայաստանի ազգային ինքնիշխանության ապահովումն է և այդ ինքնիշխանությանը երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը, հատկապես արտաքին ճնշման պայմաններում, մասնավորապես Ադրբեջանի կողմից առաջ մղվող և շահարկվող «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի համատեքստում, ինչպես նաև Հայաստանի շուրջ արտաքին ճնշման պայմաններում, մասնավորապես՝ այն պահանջների լույսի ներքո, որոնք Հայաստանի որոշ հարևաններ ունեն Հայաստանի նկատմամբ։

Այս նախագծում կան ինքնիշխանության համար անընդունելի տարրեր, որոնք սպառնալիքներ էին ստեղծում Հայաստանի ազգային ինքնիշխանության համար, և, թվում է, Հայաստանը ներգրավել է ԱՄՆ-ին որպես հավասարակշռող գործոն և լրացուցիչ երաշխիք՝ անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու, ինչպես նաև Անկարայի և Բաքվի ճնշումը մեղմելու համար։

Հայաստանի մոտեցումն այն է, որ ԱՄՆ-ից բացի ոչ ոք չի կարող ստանձնել այդ դերը, իսկ Թրամփի եսակենտրոն և հուզական բնույթը նպաստել է այս գործընթացի արագացմանը։

Թե որքանով են TRIPP-ի շրջանակում որոշ կողմեր փորձում իրականացնել հենց «Զանգեզուրի միջանցքով» նախատեսված նպատակները, և թե որքանով Հայաստանին կհաջողվի պահպանել ազգային ինքնիշխանությունն ու երաշխավորել դրա պաշտպանությունը, ցույց կտա ժամանակը։

Ժամանակը նաև ցույց կտա, թե որքանով ներկա և ապագա իշխանությունները նվիրված կլինեն նախագծի իրականացմանը և որքանով կփորձեն աջակցություն ցուցաբերել Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը»,- նշել է Շիրղոլամին։

Դիվանագետը մատնանշել է նախագծի իրականացման մեխանիզմի կարևորությունը։

«Այս մեխանիզմները պետք է կարգավորվեն այնպես, որ նպաստեն Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդմանը, ինչպես նաև ապահովեն Հայաստանի տնտեսական շահերի իրականացումը։ Իրականացման մանրամասն մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն։ Ինձ թվում է, Հայաստանի իշխանություններն էլ այս հարցի վերաբերյալ չունեն համապարփակ պատկերացում, և միայն ժամանակը ցույց կտա, թե այն ինչպիսին կարող է լինել»,- ընդգծել է Շիրղոլամին։