Հաշվի առնելով ԱՄՆ-ի, հատկապես Թրամփի, թշնամական վերաբերմունքը Իրանի ժողովրդի նկատմամբ՝ Թեհրանը լրջորեն մտահոգված էր Հայաստանի և Իրանի սահմանին ամերիկացիների ներկայությամբ, և Իսլամական Հանրապետությունը այդ մտահոգությունը հայտնել էր Հայաստանին։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին TRIPP թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Միաժամանակ մենք վստահ ենք, որ Հայաստանի և Իրանի միջև եղբայրական հարաբերությունները հաշվի առնելով՝ կարող ենք պատշաճ կերպով վերահսկողության տակ պահել այդ հարցը։

Եթե ԱՄՆ-ը TRIPP-ի իրականացման ընթացքում առաջնորդվի այն մոտեցմամբ, որ պետք է հնարավորինս քիչ խոչընդոտի Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը, ապա դա նույնպես կդառնա շատ կարևոր ձեռքբերում։ Սակայն այս հարցի վերաբերյալ առայժմ շատ դժվար է կարծիք հայտնել։

Իրանի մտահոգությունները փարատելու լավագույն միջոցը ինստիտուցիոնալ մեխանիզմի առկայությունն է, որի միջոցով հնարավոր կլինի քննարկել առաջացող հարցերը և կառավարել դրանք», - հավելել է նա՝ նկատելով, որ նախագծի իրականացման մասով Հայաստանի ներսում ևս կան տարաձայնություններ,- նշել է դեսպանը։

Դեսպանը նշել է, որ TRIPP-ը պատմական փորձություն է, որի արդյունքներով հնարավոր կլինի գնահատել, թե որքան հեռատես և խելամիտ կլինի Հայաստանը։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունն այս կարևոր հարցում կորդեգրի այնպիսի մոտեցում, որպեսզի չտուժեն Հայաստանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև երկիրը կարողանա հետևողականորեն առաջ մղել իր տնտեսական շահերը, և չտուժեն Հայաստանի ու նրա հարևանների հարաբերությունները»,- ընդգծել է Շիրղոլամին։