Ֆրանսիայի պետական պարտքի բեռը շարունակում է աճել և այս տարի կհասնի 1978 թվականից ի վեր առավելագույն մակարդակին՝ բյուջեի դեֆիցիտի կտրուկ աճի պատճառով, շաբաթավերջին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունում։
Գերատեսչության աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ պետական պարտքի ծավալը 2026 թվականին կկազմի ՀՆԱ-ի 119,3%-ը, իսկ 2027 թվականին՝ ՀՆԱ-ի 121,7%-ը, այսինքն՝ ավելի քան կրկնակի կգերազանցի ՀՆԱ-ի 60% շեմը, որին պարտավոր են ձգտել ԵՄ երկրները, հաղորդում է Euronews-ը։
Ազգային վիճակագրական ինստիտուտի՝ Insee-ի տվյալներով՝ նման ցուցանիշներ չեն եղել 1978 թվականից ի վեր։
Աղբյուրը պարզաբանել է, որ Ֆրանսիայի պարտքի աճը «ավտոմատ» բնույթ է կրում՝ որպես «բարձր մնացող դեֆիցիտի հետևանք»։
Ֆրանսիան եվրագոտում պարտվածության մակարդակով զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Հունաստանին և Իտալիային։ Իսպանիայում հուլիսին պետական պարտքը իջել է ՀՆԱ-ի 100% նշագծից ներքև, իսկ Պորտուգալիան 2025 թվականին այն նվազեցրել է ՀՆԱ-ի 90%-ից ներքև։
Ըստ ԵՄ կանոնների՝ բյուջեի դեֆիցիտի չափը՝ եկամուտների և ծախսերի միջև տարեկան տարբերությունը, չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3%-ը։
Սակայն անցյալ տարի այն հասել է ՀՆԱ-ի 5,1%-ին, իսկ կառավարությունը կանխատեսում է, որ այս տարի այն կկազմի 5,4%։
Ֆրանսիան, որը նման բարձր ցուցանիշների պատճառով արդեն երկու տարի ԵՄ-ի հատուկ վերահսկողության տակ է, հաջորդ տարի ակնկալում է դեֆիցիտի նվազում մինչև 5%, երբ երկրում կանցկացվեն նախագահի և կառավարության ընտրություններ։
Կառավարությունը 2027 թվականի բյուջետային միջոցառումների նախագիծը ուղարկել է անկախ ֆիսկալ վերահսկող մարմնին՝ Պետական ֆինանսների բարձրագույն խորհրդին (HCFP), դրանց մակրոտնտեսական հիմնավորվածությունը գնահատելու համար։





























