Նավթափոխադրումների շուկայում անսովոր իրավիճակ է ձևավորվել․ շահագործված խոշոր լցանավերն առաջին անգամ սկսել են արժենալ ավելի թանկ, քան նորերը։
Financial Times-ի տվյալներով, պատճառը Մերձավոր Արևելքից Ասիա նավթի փոխադրման սակագների կտրուկ աճն է։ Գնորդները պատրաստ են ավելի վճարել այն լցանավերի համար, որոնք կարելի է ստանալ գրեթե անմիջապես։
Խոսքը VLCC դասի ամենախոշոր նավթատար նավերի մասին է, որոնք ունակ են տեղափոխել շուրջ 2 մլն բարել նավթ։ Դրանց ֆրախտի արժեքը Մերձավոր Արևելքից Ասիա երթուղում հասել է օրական մոտ $1,2 մլն-ի։
Այս պայմաններում լցանավերի սեփականատերերը ձգտում են օգտվել բարձր եկամուտներից, իսկ գնորդները՝ հնարավորինս արագ ձեռք բերել շուկա դուրս գալու ունակ նավեր։ Խոշոր լցանավերի գործում մասնագիտացած բրոքերներից մեկի վկայությամբ, միայն վերջին շաբաթվա ընթացքում մինչև 2016 թվականը կառուցված մի քանի նավ վաճառվել են յուրաքանչյուրն առնվազն $150 մլն-ով։
Համեմատության համար՝ այս դասի նոր լցանավերի միջին գինը կազմում է մոտ $135 մլն։ Այսպիսով, գնորդները փաստացի ավելի են վճարում անհապաղ մատակարարման հնարավորության համար․ նոր նավը նախ պետք է պատվիրել և կառուցել, մինչդեռ արդեն պատրաստ նավը կարելի է գրեթե անմիջապես փոխանցել նոր սեփականատիրոջը և ուղարկել նավարկության։
Բելգիական CMB Tech-ի ղեկավար Ալեքսանդր Սավարիսը տեղի ունեցողը եզակի իրավիճակ է անվանել։ Ըստ նրա, ներկայիս շուկան այնքան անսովոր է, որ նա չի ակնկալում իր կյանքի ընթացքում կրկին նման բան տեսնել։
Braemar բրոքերային ընկերությունը նույնպես նշում է, որ նավի տարիքը հիմա գրեթե դադարել է ազդել դրա արժեքի վրա։ Որոշիչ գործոն է դառնում այն, թե որքան արագ կարելի է լցանավը փոխանցել գնորդին և շահագործման հանձնել։
Առանձին գործարքներն արդեն հասնում են նույնիսկ ավելի բարձր գումարների։ Վերջերս կառուցված մի լցանավ, որը նախկինում պատկանել է հույն միլիարդատեր Գեորգիոս Պրոկոպիուի Dynacom ընկերությանը, վաճառվել է $200 մլն-ով՝ անհապաղ փոխանցման պայմանով։ Մեկ այլ լցանավ, որի մատակարարումը նախատեսված է հոկտեմբերին, վաճառվել է $169 մլն-ով։
Ընդհանուր առմամբ, լցանավերի գները աճել են մոտ մեկ երրորդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իրավիճակը կարող է փոխվել, եթե նավթի փոխադրման սակագները նվազեն կամ շուկայում ավելի շատ ազատ նավեր հայտնվեն։ Սակայն առայժմ փոխադրումների բարձր շահութաբերությունը պահպանում է լցանավերի պահանջարկը, նույնիսկ եթե դրանք արդեն նոր չեն։





























