Հյուսիսային Սուդանում հնագետներն ուսումնասիրել են մի քանի հազարամյակ առաջ գրանիտե բլրի վրա փորագրված հսկայական ժայռապատկերը։ Դրա ճշգրիտ ծագումն ու նշանակությունը դեռևս անհայտ են, սակայն գիտնականները ենթադրում են, որ ժայռի վրա կարող էր պատկերված լինել հին Քուշի մի տիրակալ։ Շատ դարեր անց հենց այս պատկերի շուրջ քրիստոնեական եկեղեցի են կառուցել։

Հուշարձանը գտնվում է Միսիդայի շրջանում՝ պատմական Մահաս գավառում։ Եկեղեցին այստեղ կառուցվել է մեր թվարկության VII դարում՝ անմիջապես շատ ավելի հին ժայռապատկերի շուրջը։ Հետազոտողների կարծիքով՝ հենց այս վայրում տաճար կառուցելու որոշումն ինքնին կարող է վկայել, որ ժայռը երկար դարեր շարունակ հատուկ նշանակություն է ունեցել տեղացիների համար։

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Antiquity գիտական հանդեսում, ընդգրկել է ոչ միայն եկեղեցին և ժայռապատկերը։ Հնագետները Միսիդայի շրջակայքում ուսումնասիրել են գրեթե 300 հուշարձան և հայտնաբերել մարդկային գործունեության բազմաթիվ վկայություններ տարբեր ժամանակաշրջաններից։

Եկեղեցու շուրջ գտնվող գրանիտե բլրի վրա պահպանվել են նաև այլ ՝ առյուծների, փղերի և խոշոր եղջերավոր անասունների ժայռապատկերներ։ Մոտակայքում հանդիպում են նաև ավելի ուշ շրջանի քրիստոնեական խորհրդանիշներ, դրանց թվում՝ խաչեր և նավերի պատկերներ։

Կերամիկայի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել հետևել այս տարածքի ակտիվ բնակեցման մի քանի փուլերի։ Հատկապես ինտենսիվ գործունեություն է արձանագրվել մեզոլիթում՝ մոտ 12–8,2 հազար տարի առաջ, ապա ուշ նեոլիթում և նախակերամիկական շրջանում՝ մ.թ.ա. մոտ 3000–2500 թվականներին, իսկ ավելի ուշ՝ քրիստոնեական դարաշրջանում՝ մեր թվարկության մոտ VI-ից XV դարերում։

Ո՞վ է պատկերված ժայռի վրա

Հսկայական կերպարի ծագումը հասկանալու համար հետազոտողները այն համեմատել են տարածաշրջանի այլ վիթխարակերտ ժայռապատկերների հետ։ Ամենամոտ նմանակներից մեկը համարվում է Գեբել-Քեյլիի հուշարձանը, որտեղ փորագրված է Շերկարերե արքայի՝ հին Քուշի տիրակալի պատկերը։

Այսպիսի տիրակալական պատկերներ Աֆրիկայի այս հատվածում ծայրահեղ հազվադեպ են հանդիպում։ Այդ պատճառով գիտնականները ենթադրում են, որ Միսիդայի ժայռապատկերը ևս կարող էր պատկերել տիրակալի և ծառայել որպես սահմանային տարածքի յուրատեսակ նշան։

Միևնույն ժամանակ, պատկերի ճշգրիտ թվագրումը դեռևս հաստատված չէ, ուստի դրա կապը որևէ կոնկրետ տիրակալի հետ շարունակում է մնալ վարկած։

Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նաև այն, թե ինչպես է հուշարձանն ընկալվում այսօր։ Հետազոտողների վարկածքով՝ տեղացիները ժամանակին եկեղեցին սուրբ վայր էին համարում և այստեղ ուխտագնացություններ էին կատարում։ Ժամանակի ընթացքում վերաբերմունքը փոխվել է։ Այժմ ոմանք այն անվանում են «Բեյթ Քիթչիներ» կամ «Բեյթ Շեյթան»՝ «Քիթչիների տուն» կամ «սատանայի տուն», և այն միաժամանակ նզովյալ և հրաշագործ վայր են համարում։

Տարածքի գլխավոր սրբավայրը այժմ համարվում է մոտակայքում գտնվող տեղացի սրբի՝ շեյխ Քումանի դամբարանը։

Միսիդայի պատմությունն արտացոլում է մի քանի հազարամյակների մշակութային փոփոխությունները՝ հին որսորդներից և երկրագործներից մինչև Քուշի թագավորություն և միջնադարյան քրիստոնեական համայնքներ։ Իսկ գրանիտե ժայռի վրա փորագրված այն կերպարը, որի շուրջ դարեր անց եկեղեցի են կառուցել, մինչ օրս պահպանում է այս վայրի գլխավոր գաղտնիքը՝ թե իրականում ում է այն պատկերում։