BMW ընկերությունը ներկայացրել է 3 Series-ի ութերորդ սերունդը՝ նոր էլեկտրական i3-ի բենզինային քույր մոդելը, հայտնում է Autocar-ը։

Շարքը կգլխավորի M350 xDrive տարբերակը՝ 3-լիտրանոց շարային վեցգլան շարժիչով և լիաքարշակ համակարգով, որը զարգացնում է 437 ձիաուժ։ Ընդ որում, 0-ից մինչև 100 կմ/ժ թափահավաքման մեջ այն ավելի արագընթաց է, քան էլեկտրական i3 50 xDrive-ը։

Նոր 3 Series-ի արտադրությունը կսկսվի նոյեմբերին։ Սկզբում մոդելը հասանելի կլինի միայն սեդան թափքով, իսկ ավելի ուշ՝ հաջորդ տարի, կհայտնվի նաև Touring ունիվերսալը։ Լիարժեք M3-ը պետք է թողարկվի 2027 թվականին։

Ի տարբերություն էլեկտրական i3-ի, որը կառուցված է նոր Neue Klasse հարթակի վրա, ներքին արյման շարժիչով աշխատող 3 Series-ը պահպանում է ներկայիս G20 սերնդի CLAR ճարտարապետությունը։ Միևնույն ժամանակ BMW-ն արտաքին տեսքով, սրահի ձևավորմամբ և էլեկտրոնային ճարտարապետությամբ հնարավորինս մոտեցրել է երկու մոդելներին։

M350-ը ստացել է xDrive լիաքարշակ համակարգի նոր տարբերակը։ 2027 թվականին դրա համար հասանելի կդառնա Drift Moment գործառույթը, որը հնարավորություն է տալիս շարժիչի հզորությունն ուղղել բացառապես հետևի անիվներին։

Նոր 3 Series-ը ստացել է ծանոթ համամասնություններ՝ երկար ծալովի կափարիչով, դեպի հետ տեղաշարժված սրահով և ընդգծված հետևի անիվային կամարներով։ Սեդանի երկարությունը կազմում է 4765 մմ՝ 52 մմ-ով ավելի, քան նախորդինը։ Լայնությունը՝ 1850 մմ, բարձրությունը՝ 1455 մմ, անիվաբազան ավելացել է 9 մմ-ով՝ հասնելով 2880 մմ-ի։

Արտաքինից բենզինային 3 Series-ը գրեթե ամբողջությամբ կրկնում է էլեկտրական i3-ի ոճաբանությունը․ լայն առջևի գրաֆիկան միավորում է BMW-ի ավանդական ռադիատորի ցանցը և կրկնակի լուսարձակները, իսկ դռների բռնակները դարձել են թափքին համահարթ։ Միաժամանակ M350-ն առանձնանում է դեղին ցերեկային վազքի լույսերով, բեռնախցիկի կափարիչի փոքրիկ սփոյլերով և արտանետման չորս խողովակներով։

BMW-ն նաև լրջորեն կատարելագործել է բենզինային տարբերակի շասսին։ Այն ստացել է առջևի կախոցի նոր երկրաչափություն, վերակարգավորված բազմալծակ հետևի կախոց, հետևի անիվների մեծացված կամբեր և շասսիի տարրերի ավելի կոշտ ամրացումներ։ Լրացուցիչ վճարի դիմաց հասանելի են ադապտիվ և ադապտիվ M-կախոցները՝ էլեկտրոնային կառավարվող հարվածամեղմիչներով։