Հայաստանի հասարակությունը բաժանվել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության կողմնակիցների և հակառակորդների։ «ԵԱՏՄ-ն փոփոխվող աշխարհում» թեմայով կազմակերպված Աստանա-Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակոնֆերանսի ընթացքում հոկտեմբերի 13-ին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Արամ Սարգսյանը։

Այսպիսով, ինչպես նշել է հասարակական գործիչը, իրավիճակը Հայաստանում էապես փոխվել է։

«Մեզ մոտ հասարակությունը բաժանված է երկու մասի։ Մի մասը հայտնվել է Հայաստանի ղեկավարության բավականին արկածախնդրական մտահղացումների ազդեցության տակ. իբր թե մեզ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մեր արտաքին տնտեսական և առևտրային քաղաքականությունը»,— ասել է Սարգսյանը՝ մասնավորապես մատնանշելով Եվրոպական միության հետ համագործակցության խորացման վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարությունները։

Փորձագետի գնահատմամբ՝ նշված հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, ոչ այլ ինչ են, քան արկածախնդրություն։

«Կա այնպիսի հասկացություն, ինչպիսին ինքնաբավությունն է։ Եվ ահա այդ ինքնաբավությունն առաջին հերթին արտահայտվում է պետության ինքնաբավությամբ»,— նշել է նախկին պատգամավորը՝ հիշեցնելով, որ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 50%-ը։

Նա համոզված է. եթե Հայաստանը կարողանար իրեն 75%-ով ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ապա լիովին կարող էր հայտարարել իր ինքնուրույնության և ինքնաբավության մասին։ Մինչդեռ ներկայիս իրողությունները հակառակն են փաստում։

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները, ավելացնելով պետական պարտքը, փորձում են այդպիսով քողարկել իրենց ձախողումները ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ։

«Նրանք ուրիշի փողերն են ծախսում սեփական քաղաքականության ապիկարությունը քողարկելու համար»,— ընդգծել է նախկին պատգամավորը։

Այս կապակցությամբ նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զգուշավորություն՝ ճակատագրական սխալներից խուսափելու համար։