Անտարկտիկական շղթայավոր պինգվինների թվաքանակը հրաբխային Զավոդովսկի կղզում 14 տարվա ընթացքում կրճատվել է գրեթե 63%-ով։ Միևնույն ժամանակ սուբանտարկտիկական պինգվինների պոպուլյացիան, որոնք հայտնի են որպես ոսկեմազ պինգվիններ, աճել է, և նրանք դարձել են կղզու ամենաբազմաքանակ տեսակը։
Հետազոտողները կտրուկ փոփոխությունները նախևառաջ կապում են օվկիանոսի տաքացման և անտարկտիկական խեցգետնազգի կրիլի (kriel) պաշարների կրճատման հետ, որը շղթայավոր պինգվինների սննդի հիմնական աղբյուրն է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում։
Հարավային Ատլանտիկայի Զավոդովսկի կղզին հայտնի է որպես աշխարհում պինգվինների խոշորագույն գաղութներից մեկի բնակության վայր։ Թռչունների թվաքանակի փոփոխությունները գնահատելու համար 2023 թվականին հետազոտողների խումբը մեկնել է այնտեղ՝ թխսակալման շրջանում։ Գիտնականներն անօդաչու թռչող սարքի օգնությամբ ուսումնասիրել են կղզու գրեթե ամբողջ տարածքը՝ ստանալով բարձր լուծաչափով հազարավոր լուսանկարներ։ Այնուհետև նրանք համադրել են ստացված պատկերները 2011–2025 թվականների արբանյակային տվյալների հետ։
Արդյունքները ցույց են տվել շղթայավոր պինգվինների պոպուլյացիայի զգալի կրճատում․ եթե 2011 թվականին կղզում հաշվվում էր մոտ 542 հազար բուծվող զույգ, ապա 2025 թվականին նրանց թիվը նվազել է մինչև 201 հազար զույգ։ Միևնույն ժամանակ մակարոնի պինգվինների թվաքանակը 2011-2016 թվականների ընթացքում աճել է ավելի քան 28%-ով։ Արդյունքում նրանք դարձել են կղզում գերակշռող տեսակը։
Աշխատության հեղինակների տվյալներով՝ դա Անտարկտիկայի մեկ վայրում պինգվինների տարբեր տեսակների թվաքանակների հարաբերակցության գրանցված ամենախոշոր փոփոխությունն է։ Անտարկտիկական պինգվինների պոպուլյացիայի նման կտրուկ կրճատումը կարող է միաժամանակ անդրադառնալ նրանց միջազգային բնապահպանական կարգավիճակի վրա․ հետազոտողները ենթադրում են, որ տեսակը հնարավոր է տեղափոխվի «Նվազագույն մտահոգություն առաջացնող» կարգավիճակից «Անհետացման վտանգի տակ գտնվող» կարգավիճակ։ Սակայն խոսքը վերաբերում է կարգավիճակի հնարավոր վերանայմանը, ոչ թե արդեն ընդունված որոշմանը։
Պարզելու համար, թե ինչն է տեղի ունեցողի պատճառը, գիտնականները չսահմանափակվեցին ցամաքում թռչունների հաշվարկով։ Նրանք օգտագործել են նաև արբանյակային նշիչներ՝ բազմացող պինգվինների կերակրման շրջաններին հետևելու համար, և այդ տվյալները համադրել են օվկիանոսի ջերմաստիճանի ու ձկնորսական արդյունահանման սահմանափակումների հետ։
Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ անտարկտիկական պինգվինների թվաքանակի կրճատման մեջ գլխավոր դեր է խաղում օվկիանոսի տարածաշրջանային տաքացումը, որն ուղեկցվում է անտարկտիկական խեցգետազգի կլիլի հասանելիության նվազումով։ Այս մանր խեցգետնակերպերը կազմում են տվյալ տեսակի սննդակարգի հիմքը, ուստի դրանց պաշարների կրճատումն անմիջականորեն սպառնում է թռչունների գոյատևմանն ու գաղութների հաջող բազմացմանը։
Ոսկեմազ պինգվիններն ավելի հարմարված են եղել փոփոխվող պայմաններին։ Ի տարբերություն անտարկտիկական պինգվինների՝ նրանք սնվում են ավելի բազմազան կերով և սնունդ որոնելու համար ունակ են ավելի հեռու՝ դեպի ավելի տաք հոսանքներով շրջաններ տեղափոխվել։ Դրա շնորհիվ ծովային էկոհամակարգի փոփոխությունները նրանց վրա այնքան ուժեղ ազդեցություն չեն գործում։
Գիտնականները նաև ստուգել են անտարկտիկական պինգվինների թվաքանակի կրճատման այլ հնարավոր պատճառներ։ Նրանք ապացույցներ չեն հայտնաբերել, որ գլխավոր դեր են խաղացել կղզում 2016 թվականի հրաբխային ժայթքումը կամ անտարկտիկական խեցգետնիկների համար մրցակցությունը՝ ձկնորսական նավատորմերի, ոսկեմազ պինգվինների և սապատավոր կետերի կողմից։
Հետազոտողների կարծիքով՝ տեղի ունեցողը կարող է վկայել կղզու էկոհամակարգի աստիճանական անցման մասին՝ տիպիկ անտարկտիկական պայմաններից դեպի սուբանտարկտիկական։ Ջրի ջերմաստիճանի և սննդի հասանելիության փոփոխություններն արդեն իսկ արտացոլվում են կղզում բնակվող տեսակների հարաբերակցության վրա։
Հետևանքները նկատելի են եղել նաև ամբողջ գաղութի համար․ ընդհանուր առմամբ Զավոդովսկի կղզին կորցրել է ավելի քան 250 հազար բազմացող զույգ պինգվին։ Արդյունքում կղզին կորցրել է աշխարհի խոշորագույն պինգվինների գաղութի տեղակայման վայրի կարգավիճակը։ Այժմ այդ կոչումը պատկանում է Ռոսսի ծովի Ադեր հրվանդանում գտնվող ադելի պինգվինների գաղութին։



























