ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատճառ չի տեսնում նվերներից հրաժարվելու համար՝ մեկնաբանելով Կատարից շքեղ Boeing 747 ինքնաթիռ ընդունելու որոշումը, որը նախատեսվում է օգտագործել որպես Air Force One-ի օդանավ։ Դրա մասին նա ասել է Արիզոնա նահանգի Բուլհեդ Սիթի քաղաքում անցկացված հանրահավաքում, հայտնում է Associated Press-ը։
«Երբ ձեզ նվերներ են տալիս, դուք դրանք ընդունում եք, չէ՞։ Երբ ձեզ Boeing 747 են նվիրում, դուք ասում եք երկու բառ՝ «շնորհակալություն»»,- հայտարարել է Թրամփը՝ դիմելով հավաքվածներին։
Մի քանի րոպե անց ԱՄՆ նախագահը կրկնել է այդ միտքը, և հանրահավաքի որոշ մասնակիցներ միացել են նրան՝ միաձայն արտասանելով «շնորհակալություն»։
Կատարից ինքնաթիռ ընդունելու որոշումն Միացյալ Նահանգներում քննադատության ալիք է առաջացրել։ Հարցեր են ծագել՝ կապված օտարերկրյա պետության կողմից ԱՄՆ նախագահին արված նվերի էթիկական կողմի, ինչպես նաև այն բանի հետ, թե ինչպես է ինքնաթիռն օգտագործվելու նրա նախագահական ժամկետի ավարտից հետո։
Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ ինքնաթիռը կհանձնվի ԱՄՆ պաշտպանության նախարարությանը և կվերակահավորվի նախագահական թռիչքների համար։ Ինքը՝ Թրամփը, ավելի վաղ պնդել էր, որ նման նվերից հրաժարվելն անխոհեմ կլիներ՝ հաշվի առնելով արդիականացման բարձր արժեքը և նախագահական ավիապարկի թարմացման անհրաժեշտությունը։




























