Ֆինլանդիայի ազգային հեռարձակող Yle-ը գործարկել է նորածին լակոտների շուրջօրյա հեռարձակում, որը դարձել է իսկական հիթ։ Դիտողները կարող են ցանկացած պահի հետևել, թե ինչպես են Հիլկկա շունն ու նրա վեց ձագուկները քնում, խաղում և կաթ ուտում, հաղորդում է CNN-ը։

Միաժամանակ ծնվել են երկու էգ և չորս արու ձագ․ բոլորը ծնվել են հոկտեմբերի 10-ին։ Pentulive («Լակոտները՝ ուղիղ եթերում») անունով ուղիղ հեռարձակումը կշարունակվի մինչև դեկտեմբեր, երբ փոքրիկները կգնան նոր տերերի մոտ։

Նախագծի արդեն վեցերորդ սեզոնն է և պատկանում է այսպես կոչված «դանդաղ հեռուստատեսությանը»․ այստեղ անընդհատ գործողություն չկա, քանի որ լակոտները կարող են օրական մինչև 20 ժամ քնել։ Փոխարենը դիտողները կկարողանան տեսնել, թե ինչպես են նրանք բացում աչքերը, սովորում քայլել և առաջին անգամ դուրս գալիս փողոց։

Անցյալ տարի հեռարձակման էջը հավաքել է 6,5 միլիոն դիտում, իսկ նախագծի հրապարակումները սոցիալական ցանցերում՝ ևս 20 միլիոն։ Ըստ Yle-ի լրագրող Պիրյո Կոսկինենի՝ եթերը ոչ միայն հնարավորություն է տալիս ավելին իմանալու շների կյանքի առաջին շաբաթների մասին, այլև օգնում է շեղվելու տագնապալի լուրերից։

Մեդիայի և կենդանիների հետազոտող Սոնյա Մուտանենը նշում է, որ նման հեռարձակումները հատկապես տարածված են Ֆինլանդիայում մութ ձմեռային ամիսներին․ դրանք դիտողներին պարգևում են դրական հույզեր և միասնականության զգացում։ Իսկ խաղաղ պահերը, երբ լակոտները պարզապես քնած են, ինքնին օգնում են հանգստանալուն։

Հինգ տարեկան Հիլկկան երկրորդ անգամ է մայր դարձել։ Սովորաբար նա աշխատում է որպես «դպրոցական շուն»՝ աշակերտներին օգնելով հաղթահարել հույզերը, բայց հիմա արձակուրդում է։ Առայժմ լակոտներն ունեն միայն տնային մականուններ։ Պաշտոնական անունները կընտրեն շաբաթ օրը․ դիտողները կառաջարկեն տարբերակներ, իսկ փոքրիկները, իբր, իրենք կորոշեն հաղթողներին՝ հոտոտելով անուններով ծրարները։