ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արջը մտել է գրադարան և Վինի Թուխի՝ հայտնի գրական արջուկի, 100-ամյակի օրը մեղր անուշ արել։ Անկոչ այցելուն հայտնվել է Մամութ Լեյքս քաղաքի գրադարանի մասնաճյուղում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, առավոտյան մոտ ժամը վեցին, գրում է UPI-ն։

Մոնո շրջանի գրադարանային համակարգի աշխատակիցները սոցիալական ցանցերում հրապարակել են այցի տեսանյութը։ Նրանց պատմելով՝ արջը միանգամից ուղղվել է անձնակազմի սննդի պաշարների մոտ և իր համար նախաճաշ կազմակերպել՝ կերել է գետնանուշի մածուկ, դեղձի մի քանի չափաբաժին, թխվածքաբլիթներ և, իհարկե, մեկ բանկա մեղր։

Խորտիկից հետո կենդանին որոշ ժամանակ զննել է գրադարակները, ապա ինքնուրույն լքել շենքը։

«Զարմանալի է, բայց որևէ վնաս չի հայտնաբերվել։ Դարակները մնացել են իրենց տեղում, գրքերը չեն տուժել, սակայն մեղրի բանկան հրապարակման պահին այդպես էլ չի վերադարձել»,- կատակել են գրադարանի ներկայացուցիչները։

Այցը համընկել է Ալան Ալեքսանդր Միլնի գրքում Վինի Թուխի երևան գալու 100-ամյակի հետ։ Հայտնի արջուկն առաջին անգամ հայտնվել է «Երբ մենք շատ փոքր էինք» բանաստեղծությունների ժողովածուում 1924 թվականին, իսկ առանձին «Վինի Թուխ» գիրքը լույս է տեսել 1926-ին։ Հենց դրա հրապարակումն էլ համարվում է մեղրի հանդեպ սիրով հայտնի դարձած կերպարի պատմության սկիզբը։