Աշխարհը կանգնած է տեսակների վեցերորդ զանգվածային ոչնչացման սպառնալիքի առջև, և այդ գործընթացը չի դանդաղում։ Այս մասին Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Greenpeace-ի բրազիլական մասնաճյուղի քաղաքական փորձագետ Կամիլա Ժարդիմը։

Փորձագետը պարզաբանել է, որ մոլորակն ընթանում է նախաարդյունաբերական շրջանի համեմատ գլոբալ ջերմաստիճանի 1,5 °C շեմը կայունորեն գերազանցելու ճանապարհով։

Նա նկատել է, որ ճգնաժամի հետևանքները տեսանելի են ամենուրեք․ բնությունը չի ճանաչում ո՛չ վարչական սահմաններ, ո՛չ էլ գերատեսչական արգելքներ։

«Այն պայմաններում, երբ ճգնաժամերը խորանում են և փոխադարձաբար ուժգնացնում միմյանց, չուշանալու միակ ճանապարհն այդ արգելքները վերացնելն ու ջանքերը մեկտեղելն է։ Շատ երկրներ պատրաստ չեն այս համապարփակ մոտեցումը նոր մակարդակի հասցնել։ Գիտությունն ու պրակտիկան տալիս են միանշանակ պատասխան․ հապաղումը բազմապատկում է միջոցառումների իրականացման ծախսերը, մինչդեռ քաղաքականության մեջ համակցված մոտեցումը հնարավորություն է տալիս արագացնել գործընթացն ու նվազեցնել ծախսերը։ Եթե կենսաբազմազանության կորստի խնդրի լուծումը հետաձգվի 10 տարով, ապա անհրաժեշտ քայլերի արժեքը կկրկնապատկվի, իսկ կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուշացումը հետագայում կարող է տարեկան առնվազն 500 միլիարդ դոլար արժենալ»,— շեշտել է նա։

Բանախոսը նաև հայտնել է, որ վերջին 30–50 տարիների ընթացքում յուրաքանչյուր տասնամյակում կենսաբազմազանությունը նվազել է 2–6 տոկոսով։