Վեստմինստերյան աբբայությունում, հնարավոր է, հայտնաբերել են շուրջ հազար տարի առաջ մահացած աբբաների ղեկավարներից մեկի թաղումը։ Նման եզրակացության է հանգել աբբայությանը խորհրդատվություն տրամադրող հնագետ Ուորիք Ռոդվելը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the British Archaeological Association հանդեսում։
Քարե սարկոֆագը հայտնաբերվել է 1869 թվականին շինարարական աշխատանքների ընթացքում։ Դրա կափարիչը զարդարված էր XI դարի անգլոսաքսոնական ոճի մեծ խաչով, սակայն հիմքի վրա IV դարի հռոմեական թաղման արձանագրություն էր փորագրված։ Այն ազդարարում էր․ «Վալերիոս Ամանդինոսի հիշատակին։ Վալերիոս Սուպերվենտորը և Մարցելլոսը սա արեցին իրենց հոր համար»։ Այսպիսով, հնագույն սարկոֆագն, ըստ ամենայնի, մի քանի դար անց կրկին օգտագործվել է, որպեսզի դրա մեջ կարևոր կրոնական գործչի թաղեն։
Առեղծվածը մնում էր չբացահայտված գրեթե 150 տարի։ Հետազոտողները կարծում էին, որ դամբարանի ներսում մարդկային աճյուններ չեն պահպանվել։ Սակայն 2016 թվականին, երբ սարկոֆագը բացեցին վերականգնողական աշխատանքների համար, ներսում ամբողջական կմախք հայտնաբերեցին։
Ըստ կենսահնագետ Ջեյմս Լանգթորնի եզրակացության՝ աճյունները պատկանել են միջին տարիքի և միջին հասակի տղամարդու։ Ոսկորները վկայում էին օստեոարթրիտի, կողոսկրերի երկու ապաքինված կոտրվածքների և հոդատապի մասին։ Չնայած նրան, որ կմախքը մասամբ խախտված էր, իսկ որոշ ոսկորներ խառնված էին, հետազոտողներին հաջողվել է ռադիոածխածնային վերլուծություն անցկացնել։ Վերլուծությունը ցույց է տվել, որ տղամարդը մահացել է 987-1052 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ հաստատելով հռոմեական սարկոֆագի կրկնակի օգտագործումը Միջնադարում։
Ռոդվելը կարծում է, որ այդ տղամարդը գրեթե անկասկած աբբայության առաջնորդն էր։ Դրա մասին են վկայում թաղման պատվավոր բնույթը, քարե սարկոֆագը և դրա կափարիչի վրա պատկերված մեծ խաչը։ Միևնույն ժամանակ, թաղման առարկաներ չեն պահպանվել․ հավանաբար, դրանք գողացվել են XIX դարի սկզբին։

Համադրելով աճյունների թվագրումը Վեստմինստերյան աբբայության առաջնորդների մասին տեղեկությունների հետ՝ հնագետն առանձնացրել է երեք հավանական թեկնածուի՝ Վուլֆսիգին, որը ղեկավարել է աբբայությունը 988–993 թվականներին, Էլֆվիգին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը 993–1020 թվականներին, և Վուլֆնոթին, որը աբբաների ղեկավար է եղել 1020–1049 թվականներին։ Վուլֆսիգը հետագայում դարձել է եպիսկոպոս մեկ այլ վայրում, ուստի նրա թաղումը աբբայությունում քիչ հավանական է։
Այսպիսով, հիմնական թեկնածուները մնում են Էլֆվիգը և Վուլֆնոթը։ Ռոդվելի կարծիքով՝ Էլֆվիգի օգտին խոսում է այն, որ նա դեռևս մինչև աբբաների ղեկավար նշանակվելը եղել է Վեստմինստերյան աբբայության վանական։ Սակայն թաղվածի ինքնությունը վերջնականապես պարզել առայժմ չի հաջողվել։





























