Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։
Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։ 2016 թվականին Լոնգնեյնը ստեղծագործությունը ներառել է Շեքսպիրի օքսֆորդյան նոր հրատարակության մեջ՝ ենթադրելով, որ նա գրել է առնվազն երկու տեսարան, սակայն նշել է հետագա ուսումնասիրությունների անհրաժեշտությունը։
Ավելի ուշ հետազոտողը, Լիդսի համալսարանի պրոֆեսոր Բրեթ Գրեյթլի-Հիրշի հետ միասին, կատարել է տեքստի համակարգչային վերլուծություն։ Գիտնականները համեմատել են պիեսը XVI դարի վերջում աշխատած տասը դրամատուրգի ստեղծագործությունների հետ։ Թեստերից մեկի ընթացքում 23 հատված վերագրվել է Շեքսպիրին, ինը՝ Մարլոյին։ Հետազոտողների կարծիքով՝ արդյունքները հաստատում են, որ Շեքսպիրը եղել է պիեսի հիմնական հեղինակը, իսկ Մարլոն մասնակցել է դրա գրմանը։
Բացահայտումը փոխում է երկու դրամատուրգի փոխհարաբերությունների մասին պատկերացումը, որոնց սովորաբար համարել են մրցակիցներ։ Ինչպես The Guardian-ին տված հարցազրույցում նշել է Լոնգնեյնը, նրանք ոչ միայն մրցել են միմյանց հետ կամ ազդել են միմյանց ստեղծագործության վրա, այլև համագործակցել են։
2016 թվականի այն հետազոտության հետ համատեղ, որը բացահայտել էր Մարլոյի համահեղինակությունը Շեքսպիրի՝ Հենրի VI-ի մասին երեք պիեսում, նոր տվյալները մատնանշում են դրամատուրգների ավելի երկարատև ստեղծագործական գործընկերությունը։ Գիտնականների կարծիքով՝ նրանք կարող էին ստեղծագործությունների վրա համատեղ աշխատել 1590-ականների սկզբին և կեսերին, երբ երկուսն էլ մոտ 30 տարեկան էին։
Հետազոտության արդյունքները նախատեսվում է հրապարակել Shakespeare Quarterly հանդեսի ձմեռային համարում։ Նույն օրը լույս է տեսել նաև Լոնգնեյնի Shakespeare at Thirty («Շեքսպիրը երեսուն տարեկանում») նոր գիրքը։
Շեքսպիրի հեղինակությունը մի քանի դար շարունակ վեճերի առարկա է։ Որոշ հետազոտողներ կասկածում էին, որ Ստրատֆորդ ըփոն Էյվոնից մի ձեռնոցագործի որդի կարող էր ստեղծել լեզվի և գիտելիքների այդպիսի հարստությամբ ստեղծագործություններ։ Առաջացել են այլընտրանքային տեսություններ, ըստ որոնց դրամատուրգի անվան տակ թաքնված է եղել մեկ ուրիշը։
Ամենահայտնի վարկածներից մեկը հեղինակությունը վերագրում է Էդուարդ դե Վերին՝ Օքսֆորդի 17-րդ կոմսին, իսկ այսպես կոչված Օքսֆորդյան տեսության կողմնակիցները կարծում են, որ նա ստեղծագործությունները հրապարակել է «Ուիլյամ Շեքսպիր» կեղծանվամբ։ Սակայն ակադեմիական համայնքի ճնշող մեծամասնությունը ճանաչում է պատմական Շեքսպիրի հեղինակությունը, իսկ այլընտրանքային վարկածները համոզիչ փաստաթղթային ապացույցներ չունեն։


























