Նոյեմբերին Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառքի կհանվեն Պաբլո Պիկասոյի չորս կտավները, որոնք նկարիչը վրձնել է կյանքի վերջին երկու տասնամյակում՝ 1960-70-ական թվականներին։ Այս մասին հայտնում է աճուրդի տան մամուլի ծառայությունը։

Ամենաթանկարժեք լոտը կլինի «Մերկ կինն ու դրոշակով տղամարդը» կտավը, որի նախնական արժեքը գնահատվում է 15–20 մլն դոլար։ Դրան հաջորդում է «Զույգը» աշխատանքը՝ 10–15 մլն դոլար արժողությամբ։

Մյուս երկու գործերը՝ «Նկարիչն ու բնորդուհին» և «Նյու» կտավները, զգալիորեն ավելի ցածր են գնահատվում՝ յուրաքանչյուրը 2,5–3,5 մլն դոլար։

Աճուրդի տան փոխանցմամբ՝ կոլեկցիոներների առանձնահատուկ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ երկու առանցքային կտավներն ավելի քան 50 տարի դուրս չեն բերվել հանրության դատին և տասնամյակներ շարունակ պահվել են մասնավոր հավաքածուներում։

Հունիսին Sotheby's-ը Լոնդոնում կայացած աճուրդում 1,3 մլն ֆունտ ստեռլինգով (շուրջ 1,7 մլն դոլար) վաճառել էր Պիկասոյի մեկ այլ աշխատանք, որտեղ պատկերված է լուսանկարիչ Դորա Մաարը։