Հնէաբանները նկարագրել են բուսակեր դինոզավրերի նոր ցեղ և տեսակ, որի մնացորդները հայտնաբերվել էին դեռևս 2001 թվականին՝ Անգլիայի հարավում գտնվող Սուրրի կոմսության աղյուսի գործարանի տարածքում։ Դինոզավրը ստացել է Paludohadros proudlovii անվանումը։ Նրա բրածոները պահվում էին Լոնդոնի Բնական պատմության թանգարանի հավաքածուում, մինչև գիտնականները նորից ուսումնասիրեցին դրանք։ Արդյունքները հրապարակվել են Journal of Systematic Palaeontology գիտական հանդեսում։

Paludohadros-ը պատկանում էր իգուանոդոնտների խմբին՝ բուսակեր դինոզավր, որը հայտնի է, մասնավորապես, առջևի վերջույթների բութ մատների խոշոր փշերով։ Այն ապրել է մոտ 125 միլիոն տարի առաջ՝ վաղ կավճյան ժամանակաշրջանում, երբ ներկայիս Անգլիայի հարավը ծածկված էր ճահճոտ հարթավայրերով։ Հենց այդ միջավայրն էլ արտացոլված է նոր ցեղի անվան մեջ․ լատիներեն palus բառը նշանակում է «ճահիճ»։

Հայտնաբերված կենդանու երկարությունը կազմել է մոտ հինգ մետր, իսկ զանգվածը՝ 1,5-ից մինչև երկու տոննա։ Չափերով այն համադրելի էր ժամանակակից ռնգեղջյուրի հետ։ Սակայն ոսկորները դեռ ամբողջությամբ չէին ձևավորվել, ուստի գիտնականները կարծում են, որ դինոզավրը երիտասարդ է եղել և հասուն տարիքում կարող էր գրեթե կրկնակի մեծանալ։

proudlovii տեսակի անվանումը հավերժացնում է Ուիլ Փրաուդլավի հիշատակը, որը բրածոների հայտնաբերման վայրի նախկին աշխատակիցն էր։ Նա մահացել է 35 տարեկան հասակում՝ պեղումներից քիչ առաջ, իրենից հետո թողնելով կնոջը՝ Ռեյչելին, և փոքր երեխաներին։

Փրաուդլավը հետաքրքրվում էր դինոզավրերի բրածոներով և մեծ ոգևորությամբ հետևում էր գտածոներին, որոնք կարող էին հայտնաբերվել կավե շերտերի մշակման ընթացքում։ Նրա կինը հայտարարել է, որ դինոզավրին ամուսնու անունը տալու որոշումը մեծ պատիվ է ընտանիքի համար։

Նոր տեսակը կարող էր հարևանությամբ ապրել բարիոնիքսի (Baryonyx walkeri) հետ՝ խոշոր գիշատիչ դինոզավր, որի մնացորդները հայտնաբերվել էին նույն ձեռնարկությունում 1983 թվականին։ Երկու կենդանիների բրածոները գտել են միմյանցից մոտ հարյուր մետր հեռավորության վրա։

Բարիոնիքսը սնվում էր հիմնականում ձկներով, սակայն նրա մնացորդներում նախկինում հայտնաբերել էին իգուանոդոնտի ձագի ոսկորներ։ Գիտնականները չեն կարող պարզել, թե այդ ձագը կոնկրետ որ տեսակին էր պատկանում, ուստի չեն բացառում, որ բարիոնիքսը կարող էր որսալ երիտասարդ Paludohadros-ներին կամ սնվել նրանց մնացորդներով։

Թանգարանային հավաքածուներում պահվող իգուանոդոնտների բրածոների վերագնահատումն արդեն հնարավորություն է տվել հայտնաբերելու նոր ցեղի մի քանի նախկինում չճանաչված նմուշներ։ Հետազոտողները մտադիր են շարունակել ուսումնասիրել դեռևս 1950-ականներին հավաքված գտածոները։ Դա կարող է հանգեցնել դինոզավրերի նոր տեսակների բացահայտմանը, որոնք տասնամյակներ շարունակ պահպանվել են թանգարաններում՝ մնալով չնույնականացված։