BMW-ն փորձարկում է i3 Touring էլեկտրական ունիվերսալը, որը պետք է ընդլայնի Neue Klasse էլեկտրական մեքենաների ընտանիքը։ Մասնակի քողարկմամբ նախատիպը նկատել են Նյուրբուրգրինգի մայրուղում։ Նոր մոդելի պրեմիերան սպասվում է 2027 թվականին, գրել է Motor 1-ը։

i3 սեդանի համեմատ՝ ունիվերսալը կունենա երկարացված տանիք և թափքի ավելի գործնական հետնամաս՝ բեռնախցիկի մեծ դռնով։ Առջևի հատվածը, դատելով փորձարկվող նախատիպից, գրեթե նույնը կլինի, ինչ սեդանինը։

Ավտոմեքենայի տանիքին տեսանելի է համայնապատկերային ապակե վահանակը։ Հավանաբար, այն կլինի անշարժ՝ առանց սահող հատվածի։ Մեկ այլ հնարավոր փոփոխություն վերաբերում է հետևի դռանը․ նախատիպի վրա չի երևում հետևի ապակին բեռնախցիկի հիմնական դռնից անկախ բացելու առանձին կոճակ։ BMW-ն արդեն հրաժարվել է այս գործառույթից 5 Series և i5 Touring ունիվերսալներում։ Ընկերությունում որոշումը բացատրել են աերոդինամիկայի պահանջներով։

Սրահը, ենթադրաբար, կկրկնի i3 սեդանի ձևավորումը։ Կլինեն մեծ կենտրոնական էկրան, դիմապակու ստորին հատվածում տեղեկատվության պրոյեկցիա և ֆիզիկական կոճակների կրճատված քանակ։

Ունիվերսալի գլխավոր առավելությունը կլինի տարողունակ բեռնախցիկը։ i3 սեդանի դեպքում դրա ծավալը 420 լիտր է, իսկ Touring-ի բեռնային տարածքը պետք է ավելի մեծ լինի։ Առջևի՝ 31 լիտր ծավալով բեռնախցիկը, հավանաբար, կպահպանվի։

Էլեկտրական ունիվերսալի արտադրությունը կկազմակերպվի Մյունխենի BMW գործարանում։ Միաժամանակ, ներքին այրման շարժիչով ապագա 3 Series ունիվերսալը, եթե ընկերությունը թողարկի դրա նոր սերունդը, կկառուցվի այլ հարթակի վրա և կարտադրվի Դինգոլֆինգում։

Հետագայում BMW-ն կարող է ներկայացնել նաև ունիվերսալի սպորտային տարբերակները։ Հնարավոր տարբերակների թվում նշվում են i3 M60-ը և չորս էլեկտրաշարժիչով ամբողջովին էլեկտրական M3 Touring-ը։ Սակայն այս տարբերակները դեռ պաշտոնապես չեն հաստատվել։