BBC-ի լրագրողները ազդու տեսահոլովակով ցուցադրել են, թե ինչ է տեղի ունենում դուրս գրված ինքնաթիռների հետ: Նրանք ուղեւորվել են ինքնաթիռների բրիտանական «գերեզմանոց» եւ հետեւել, թե ինչպես են նախ Boeing-747-ից հանում էլեկտրոնային ամբողջ միջուկը, այնուհետեւ ֆյուզելյաժը հանձնում էքսկավատորին, որն ինքնաթիռի կաղապարը ճմռում է թղթի նման:
Նախքան ինքնաթիռը մետաղաջարդոնի վերածելը, նրանից հանում են արժեքավոր մասերը` թողնելով միայն կաղապարը:
Boeing-747-ի սարքավորումները դրա քաշի հիմնական մասն են կազմում (230 տոննայից 130-ը), ինչպես նաեւ արժեքի մեծ մասը, գրում է The Daily Mail-ը: Երբեմն ինքնաթիռի անձնակազմի խցիկին ձեռք չեն տալիս. այն կարելի է օգտագործել ավիացիոն մարզասարքերի համար:
Թռիչքի պատրաստ Boeing-747-ի գինը 200 մլն ֆունտ է (մոտ 314 մլն դոլար), իսկ դրանից հետո մնացող մետաղի արժեքը` ընդամենը 35 հազար ֆունտ (մոտ 55 հազ. դոլլար): Նախորդի մնացորդները նոր ինքնաթիռների համար պիտանի չեն, մետաղը բավականաչափ մաքուր չէ:
Նշենք, որ Boeing-747-ն առաջին թռիչքն իրագործել է 1970թ., այսօր այն աշխարհի ամենահայտնի քաղաքացիական ինքնաթիռն է, նշում է The Daily Mail-ը: Առաջին թռիչքի օրվանից Boeing-747 բոլոր ինքնաթիռները ավելի քան 77 մլրդ կմ տարածություն են անցել, ինչը հավասարազոր է Երկրից Լուսին եւ այնտեղից հետ կատարվող 101 հազար թռիչքի:











