1988-ի երկրաշարժին հաջորդած օրերին Գյումրու անօթեւան ընտանիքներին տեղավորելու համար ժամանակավոր տնակներ տեղադրվեցին նաեւ քաղաքից բավականին հեռու` 8-10 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներում, հարեւանությամբ գտնվող գյուղերին պատկանող դաշտերում եւ այլ կանաչ ու ծառապատ վայրերում: Տնակային այդ ավանները հետագայում համարակալվեցին եւ դրանցից շատերին անուններ կնքեցին գյումրեցիները, որոնք առավել հայտնի եւ օգտագործելի են մինչեւ օրս:
«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ, Գյումրիից Շիրակ օդանավակայան ձգվող ճանապարհին` նախկինում Ազատան գյուղին պատկանող դաշտում, 20-25 տնակից բաղկացած ավանը իր հեռու գտնվելու եւ քաղաքից կտրված լինելու պատճառով գյումրեցիները անվանեցին «Ռոբինզոնի կղզի»: Երկար տարիներ այդ ավանում էին ապրում մեր օրերում հազվադեպ հանդիպող բազմանդամ մի ընտանիք, որոնք այսօր արդեն ունեն 11 երեխա: Այնուհետեւ, երբ խոնավությունից տնակները շարքից դուրս են եկել նրանց ընտանիքը երկար փնտրտունքից հետո մի կերպ վարձով բնակարան է գտել եւ մինչ օրս ապրում է այնտեղ: Նրանք բնակարան ստանալու հույս չունեն, քանի որ չեն համարվում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիք:
«Մենք` «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս, եւ hetq.am-ի լրագրող Երանուհի Սողոյանը, անցած օրը` «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա հագուստ եւ գրենական պիտույքներ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ծրագրի շրջանակում այցելեցինք նաեւ այս` Գեւորգյանների բազմանդամ ընտանիքին: Նրանց համերաշխ ընտանիքի կազմը այսպիսինն է` Հասմիկ, Մանուշակ, Լիաննա, Աննա, Նարինե, Իսրայել, Սամսոն, Մելինե, Էլինա, Անահիտ, Իրինա. 9 աղջիկ եւ 2 տղա: Մեծը 17 տարեկան է, իսկ փոքրը` 3»,- ասվում է «Շիրակ կենտրոնի» հաղորդագրության մեջ:











