Օգոստոսի 21-ին` ժամը 12:00-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2003 թ. Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության գործով դատաքննությունը:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության փոխանցմամբ, մոտ 4 տարի ընթացող դատական նիստի ընթացքում արդեն երկրորդ անգամ հարցաքննվում են նույն վկաները, սակայն դեռ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել: Նշանակված դատական նիստին դատախազի միջնորդությամբ հարցաքննվելու են նոր վկաներ:
Հիշեցնենք, որ 2006 թ.-ի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): Խափանման միջոցը` ազատազրկումը, փոխվել է ստորագրության չհեռանալու մասին որոշմամբ: 2007 թ.-ի վերջին սկսվել է նոր դատաքննություն:
Հ.Գ. Տեսագրության մեջ սպանված տղայի` Հովսեփ Մկրտումյանի հայրը պատմում է տղայի սպանության մասին:











