Ժամկետային զինծառայող 19-ամյա Մ. Ս-ին իր հետ «արա» դիմելաձեւով խոսելու համար բռունցքով հարվածել է ծառայակցի Վ.Ա-ի աչքին եւ առաջացրել առողջության կարճատեւ քայքայում: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
19-ամյա Մ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ստորադասության հարաբերությունները խախտելով` զորամասի ծխարանում իր հետ «արա» դիմելաձեւով խոսելու համար վիճաբանել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վ.Ա-ի հետ եւ բռնություն գործադրելով դիտավորությամբ հարվածել վերջինիս ձախ աչքին` պատճառելով առողջությանը թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայումով:
Այսինքն` Մ.Ս-ը կատարել է հանցանք,որը նախատեսված է ՀՀ քր.օրի 359 հոդ.1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով:
Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Գործը դատարանում վարույթ է ընդունվել հոկտեմբերի 10-ին:




























