Մենք թիմով ենք համագործակցում, եւ Խաչատուր Քոքոբելյանն էլ ներկայացնում է այդ թիմը եւ այդ թիմի առաջնորդն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությունը, թե իրենք պատրաստ են համագործակցել «Ազատ դեմոկրատների» հետ, բայց այդ համագործակցությունը փոշիացնում է Խաչատուր Քոքոբելյանը:
Նրա խոսքով` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն անհատների կուսակցություն է, սակայն իրենց մոտ կա ընդհանուր թիմային աշխատանքի ոգի, եւ իրենք անիմաստ են համարում Հակոբյանի եզրահանգումը, թե «Ազատ դեմոկրատների» հետ կհամագործակցեն, Խաչատուր Քոքոբելյանի հետ` ոչ: «Ազատ դեմոկրատները» միշտ աշխատել են ամեն կերպ պահպանել այդ դաշինքը, բոլոր ջանքերը ներդրել են, որպեսզի այդ թիմը կայանա, քանի որ մենք ունեինք երկարաժամկետ քաղաքական գործունեության պայմանավորվածություն»,- ասաց Անժելա Խաչատրյանը` ուշադրությունը հրավիրելով այն քայլերի հաջորդականության վրա, որոնք հանգեցրին երկու կուսակցությունների առճակատմանը, մասնավորապես, թե ում կողմից եղավ առաջին քայլը եւ ում կողմից է շարունակվում գործընթացը: Հարցին, թե դաշինքի չկայացման կամ շուտ փլվելու մեղավորը Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է, քանի որ առաջին հայտարարությամբ ինքն է հանդես եկել, մամուլի խոսնակը նշեց, որ շատ ավելի լավ, որ այդ մասին մենք հայտնեցինք հարցի մեջ եւ եզրակացությունները թողնում է հասարակությանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից եւս մեկ անգամ վստահեցրին, որ «Ազատ դեմոկրատների» ոչ մի անդամի, այդ թվում`Քոքոբելյանի հետ մանդատը վայր դնելու պայմանավորվածություն չկա, եւ եթե «Ժառանգության» անդամները հայտարարում են, որ գիտեին նման պայմանավորվածության մասին, ապա թող ժամանակին հայտարարեին: Ինչ վերաբերում է ԱԺ «Ժառանգության» խմբակցության գործունեությանը, ապա «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում առաջիկայում կքննարկվի իրենց պատգամավորների հարցը եւ պատասխան կտրվի: Չի բացառվում, որ «Ժառանգություն» խմբակցությունը չլքելով` «Սզատ դեմոկրատների» պատգամավորները հայտարարեն, որ հանդես են գալիս անկախ եւ կապ չունեն խմբակցության գործունեության հետ եւ նրանց որոշումները իրենց համար պարտադիր չեն: Նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու հետ կապված եւս որոշում չկա, կուսակցությունում կքննարկեն եւ կհայտնեն:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել եւ ասել, որ Խաչատուր Քոքոբելյանը խախտել է պայմանավորվածությունը, եւ մանդատը վայր չի դրել: Նա «Ազատ դեմոկրատների» ղեկավարին մեղադրել է ստախոսության մեջ, դրան հետեւել է Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությունը: Նա նշել է, թե ցավում է, որ ընդդիմադիր դաշինքը կայացնելու բոլոր ջանքերն ու ներդրումները հետևողականորեն փոշիացվում են անհասկանալի դրդապատճառներով: Խաչատուր Քոոքոբելյանին այսօր պատասխանել է Ռուբեն Հակոբյանը:





























