Հոկտեմբերի 13-ին Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնի երեք տաղանդավոր սաներ արժանացել են 3 պատվավոր մրցանակի միջազգային ստեղծագործական հավակնոտ ստուգատեսում:

Այդ օրը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի է ունեցել «Տաթեւ» հիմնադրամի նախաձեռնած «Արի Ճախրենք կամ ստեղծիր Տաթեւիկի կերպարը» 6 ամիս տեւած մանկապատանեկան մրցույթ-փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: 6-13 տարեկան երեխաների կողմից ներկայացված ավելի քան 400 գեղանկարչական, քանդակագործական եւ դեկորատիվ կիրառական արվեստի ժանրին պատկանող աշխատանքներն ուղարկվել էին ժյուրիի քննությանը Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Ղազախստանից: Երեխաներին հանձնարարված է եղել Տաթեւիկի երեւակայական կերպարը ստեղծագործաբար կերտելու առաջադրանքը:

Բոլոր անվանակարգերում մրցանակների են արժանացել նաեւ Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնից մասնակցած սաները:

Գեղանկարի անվանակարգ, առաջին պատվավոր մրցանակ. այն իր  հետ տարել է Շուշիի «Նարեկացի» կենտրոնի նկարչության խմբակի 11-ամյա սան Հայկ Կիզիրյանն իր «Թռիչք դեպի Տաթեւ» աշխատանքով: Խմբակի պարապմունքները վարում է գեղանկարիչ Սամվել Թավադյանը:

Քանդակի անվանակարգ, երկրորդ մրցանակ. հաղթողն էր Շուշիի «Նարեկացի» կենտրոնի արթ թերապիայի խմբակի 10-ամյա սան Հայկուհի Առուստամյանն, ով պատկերել էր նարնջագույն թեւերով երեւակայական մի Տաթեւիկ, որի քանդակե անշարժության մեջ անգամ թեւածում էր ճախրանքի ոգին: Նա իր աշխատանքը կերտել էր կենտրոնի արթ թերապիայի պարապմունքների ժամանակ, որոնք վարում է հոգեբան Հասմիկ Եսայանը:

Ժյուրիի նախագահի հատուկ մրցանակի է արժանացել նույն արթ թերապիայի խմբակի՝ 11-ամյա Անահիտ Ղազարյանի կերտած Տաթեւիկը: Մրցանակն Անահիտին անձամբ հանձնել է ժյուրիի նախագահ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Արամ Գյումիշյանը, ով իր խոսքում հատուկ մասնավորեցրել է, որ այս մրցանակը ոչ թե մանկան է հանձնում, այլ՝ արվեստագետ կոլեգայի:

Շուշիի «Նարեկացի» կենտրոնը հիմնադրվել է 2006 թվականին` կիսաքանդ շենքի հիմնովի վերականգնմամբ: Կենտրոնում գործում են համերգասրահ, ցուցասրահ, դասասենյակներ ու գրադարան, որտեղ բարեգործական ու անվճար հիմունքներով, անց են կացվում համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ եւ փառատոններ: Կենտրոնին կից գործում է արվեստի 12 դասարան, որտեղ անապահով ընտանիքների շուրջ 100 երեխա անվճար հիմունքներով ուսանում է փայտագործության, պարի, մանրանկարչության, հեքիաթասացի, ասեղնագործության, ասմունքի, լուսանկարչության, երգի, նկարչության, արտթերապիայի, թատրոնի եւ անգլերենի խմբակներում: Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնում ստեղծված են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: