Եթե կարող եք բերել մի սփյուռքահայի, ով կասի, թե Սփյուռքի նախարարությունը չի ընդառաջել որեւէ հարցում, եթե օդանավակայանից չեն դիմավորել, ես անհապաղ կհեռացնեմ աշխատանքից թերացած աշխատակցին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Այս պահին Հայաստանում է գտնվում շուրջ 5000 սիրիահայ, ավելի քան 1700 ընտանիք, որոնց խնդիրների լուծման համար կատարվել են մի շարք փոփոխություններ ՀՀ օրենքներում եւ որոշումներում: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի բուհեր դիմել է 200 ուսանող, դպրոցներ եւ մանկապարտեղներ հաճախում է ավելի քան 500 երեխա, այդ թվում` նորաբաց ծրագրով սիրիական դպրոց ընդունվել է շուրջ 250 աշակերտ: Աշխատանքի կարիք ունեն 3000 հոգի, հիմնականում ապրում են վարձով: Նախարարի խոսքով` սիրիահայերը, եթե երկքաղաքացի են, ունեն նույն իրավունքներ եւ պարտականությունները, ինչ եւ ՀՀ մյուս քաղաքացիները: Այդ շրջանակում նա ընդգծեց, որ 18 տարեկան լրացած արական սեռի բոլոր ՀՀ քաղաքացի սիրիահայերը` ըստ Սահմանադրության հոդված 47-ի, պարտավոր են ծառայություն անցնել հայոց բանակում: Նրանց համար նախատեսված են պարտադիր ժամկետային ծառայությունից ազատվելու եւ տարեկետման նույն իրավունքները, ինչ եւ ՀՀ մյուս քաղաքացիների համար:
Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ 2012թ հունվարից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ սփյուռքի նախարարություն այցելել է շուր 490 սիրիահայ, ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության միջոցով հանրակացարաններում տեղավորվել է 32 ընտանիք` 71 անդամով, հատկացվել է 28 սենյակ: Սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերի մեծ մասը` շուրջ 350 ընտանքի բնակվում է վարձով, մոտ 50` բարեկամի տանը, մի մասն ունի սեփական բնակարաններ, մյուսները` տեղավորվել հանրակացարաններում: 2012 թվականի սկզբից մինչեւ հոկտեմբերի 15-ը Սիրիայում զոհվել է 36 հայ, որոնցից 28 տղամարդ, 7 կին եւ 1 երեխա, նրանցից 24-ը զոհվել է Հալեպում: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այդ երկրում ներքաղաքական առճակատման առաջին օրերին կոչ են արելհամայնքին զերծ մնալ եւ պահպանել քաղաքական չեզոքությունը: Իսկ այն վայրերում, որտեղ ռազմական գործողություններ չկան, փորձել են համալրել ուժերը, իսկ որտեղ պատերազմ է` աջակցել դեղորայքով եւ սնունդով:




























