Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 15-ին, խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում, որի ժամանակ քննարկվել են համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող, ինչպես նաեւ այլ հարցեր: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:
Զեկուցվել է, որ 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 1 մլրդ 864 մլն դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 663 մլն դրամ, կատարողականը 89,2 տոկոս է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով 60 տոկոսից ցածր կատարողական են արձանագրել մարզի 114 համայնքներից 29-ը, ներառյալ` Աշտարակ քաղաքը:
Փոխվարչապետը մեկ անգամ եւս կարեւորել է համայնքներում արդյունավետ վարչարարության իրականացման հանգամանքը` նկատելով, որ հակառակ դեպքում համայնքը զրկվում է թե սեփական եկամուտների ողջ ծավալից, թե խոչընդոտներ են ստեղծվում համայնքներում իրականացվող ծրագրերի առումով:
Խորհդակցությանը քննարկվել են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի ընթացքին եւ չորրորդի մեկնարկին առնչվող հարցեր: Զեկուցվել է, որ երրորդ ծրագրով մարզում իրականացված աշխատանքների ծավալը կազմում է 63,3 տոկոս: Ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում: Չորրորդ ծրագրով եւս մարզին հատկացված շուրջ 668 մլն դրամը, ինչպես նախորդ ծրագրերը, կուղղվի մարզի համայնքներում դպրոցների, բազմաբնակարան շենքերի տանիքների, ներհամայնքային ճանապարհների, ջրագծերի նորոգմանը: Անդարդարձել են նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացին: Փոխվարչապետը համայնքապետերին հորդորել է հետեւողական լինել ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում եւ համագործակցել գյուղնախարարության ներկայացուցիչների հետ:





























