Հոկտեմբերի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 22-ի սահմաններում «Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունք եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց հոսպիտալացվել է 10 հիվանդ` սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ: Համապատասխան բուժման արդյունքում հիվանդների վիճակն այժմ բավարար է, բուժումը շարունակվում է:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները Երեւանի եւ Կոտայքի մարզի բնակիչներ են, ովքեր հոկտեմբերի 9-ին եւ 10-ին մասնակցել են ծննդյան տոնի միջոցառումների եւ օգտագործել մի շարք կերակրատեսակներ, այդ թվում` տնային պայմաններում պատրաստված կրեմով եւ բեզեով հրուշակեղեն: Ուտելուց մոտ 6 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման երեւույթներ` թուլություն, սրտխառնոց, փսխում, լուծ, բարձր ջերմություն: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ նշաններն ի հայտ են եկել միամոմենտ, վարակի գաղտնի շրջանի տեւողությունն ու կլինիկական ախտանշանները բնորոշ են սննդային թունավորումներին:
Հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու եւ հիվանդության աղբյուրը պարզելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ եւ լաբորատոր հետազոտություններ: Արդյունքում պարզվել է, որ սննդային թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կրեմով եւ բեզեով հրուշակեղենն է, որն աղտոտված է եղել սալմոնելա տիպի մանրէներով:
Տեղեկացնենք, որ նոր դեպքեր չեն արձանագրվել, իրավիճակը վերահսկվում է:




























