Լոնդոնում նոյեմբերի 5-ին մեկնարկած «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության հայտարարությունը հիվանդ երեւակության արգասիք է: Այդ մասին ասվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Տեղեկատվության խեղաթյուրմամբ այս հայտարարության համաձայն՝ «համապատասխան միջոցների ձեռնարկմամբ պետք է կասեցվեր մասնակից 7 զբոսաշրջային ընկերություններից Արցախի մասնակցությունը, ինչպես նախորդ անգամները»:

Ցուցահանդեսին ներկայացված են ոչ թե 7, այլ 11 հայկական զբոսաշրջային ընկերություններ, իսկ Արցախի մասնակցության դեմ նախկինում երբեք խոչընդոտ չի եղել՝ չհաշված ադրբեջանական ավանդական վայրահաչությունը եւ Փարիզում տաղավարի վնասման փաստը, ինչը եւ արագ վերականգնվեց: Լոնդոնում՝ հայկական միասնական տաղավարի ներքո, Արցախի Հանրապետությունը շարունակում է բնականոն ներկայացվածությունը ցուցահանդեսին: Ինչպես միշտ, տաղավարը արժանանում է բարձր ուշադրության այցելուների ու մասնակիցների կողմից:

Ավելին, ցուցահանդեսից հայկական պատվիրակության պահանջով դուրս են բերվել ադրբեջանական բոլոր տեսակի հակահայկական քարոզչական բնույթի նյութերը»,- ասվում է հայտարարության մեջ: