Հունվարի 21-ից անժամկետ հացադուլ հայտարարած Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է: Այսօր՝ հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ առավոտյան բժիշկները չափել են արյան ճնշումը: «Ամեն ինչ նորմալ է, ես ինձ լավ եմ զգում», - հավաստիացրել է նա:

Ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագահի այլ թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ հացադուլին միանալու ցանկությանը, Ղուկասյանը նշել է.  «Ես վստահ եմ, որ միայն ես չեմ, որ Հայաստանում ձեւական  ընտրությունների անցկացման դադարեցում եմ պահանջում, դա մեր հանրության պահանջն է:  Բնականաբար,  Պարույր Հայրիկյանի միանալը կուժգնացնի հանրության վրա մեր կոչի ազդեցությունը»: Միաժամանակ Ղուկասյանն ընդգծել է, որ մտադիր չէ դադարեցնել հացադուլը, քանի որ դա կնշանակի նահանջել ճանապարհի կեսից:  «Պետք է պայքարել մինչեւ վերջ: Հացադուլը դադարեցնել՝ նշանակում է արժեզրկել պայքարը եւ հենց գաղափարը»:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հացադուլի առաջին օրվա ընթացքում Ղուկասյանին այցելել էին նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Արամ Հարությունյանը, որոնք կոչ էին արել  դադարեցնել հացադուլը եւ չվնասել առողջությանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am