Հայաստանի հյուսիսում` Շիրակում, որտեղ ձմռանը բավական ցուրտ է եւ ջերմաստիճանը պարբերաբար տատանվում է մինուս 15-28 աստիճանի սահմաններում, կյանքն առավել անտանելի է դառնում վաղուց քայքայված վագոն-տնակներում: Իսկ այդ ժամանակավոր կոչվող կացարաններում արդեն 25 տարի է ապրում, կամ որ առավել տեղին է այս պարագայում ասել` գոյատեւում են հազարավոր ընտանիքներ: Միայն Գյումրիում դեռեւս շուրջ 4000 ընտանիք կամ մոտ 12000 մարդ բնակվում է վագոն-տնակներում եւ կիսախարխուլ, կոմունալ հարմարություններից զուրկ շինություններում ու շենքերում: Եվ որ ամենացավալին է` նրանք պետության կողմից որեւէ սոցիալական արտոնություն չունեն:
Այդ իսկ պատճառով հատկապես ձմռան ամիսներին մեր կազմակերպության հիմնական առաքելությունը համարում ենք Գյումրիի ժամանակավոր կացարաններում եւ սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին ու հատկապես երեխաներին վառելափայտով, հագուստով ու սննդով օգնության տրամադրումը: Ինչը մենք անում ենք ոչ թե պետության, այլ աշխարհի տարբեր մայրցամաքներից օգնության ձեռք մեկնած մեր հայրենակիցների տրամադրած նյութական ու ֆինանսական օժանդակության շնորհիվ:
Այս օրերին «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, կրկին` ավստրալահայ մեր հայրենակից Արամ Միքայելյանի աջակցությամբ, շարունակում են տնակներում բնակվող ընտանիքներին բաժանել ձմռան վառելիք, մուծել ջեռուցման վարձավճարներ եւ տրամադրել նյութական այլ անհրաժեշտ օգնություն: Այդ մասին պատմող տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:











