Տեսանյութը, որ դարձել էր Կահիրեում ոստիկանների կողմից բռնությունների ակնհայտ ապացույց, հասցրել է հակասական արձագանք հարուցել, քանի որ տուժածը ոստիկաններին իր «փրկարարներ» է անվանել:
48-ամյա նկարիչ Համադ Սաբերի ծեծը ոստիկանների կողմից նկարել էին AP գործակալության լրագրողները: Մորեմերկ տղամարդն ընկած է գետնին, իսկ մոտ 10 ոստիկաններ փորձում են քաշել նրան` դաժանաբար ծեծելով մահակներով:
Տեսագրության հրապարակումից հետո հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց` բողոքելով բռնությունների դեմ, իսկ ՆԳ նախարար Մուհամեդ Իբրահիմը միջադեպի քննություն էր սկսել: Փորձաքննությունը ցույց էր տվել, թե Սաբերին մերկացրել են ցուցարարները, ապա կրակել նրա վրա: Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչպես է նա վիրավորվել:
Սաբերը հիվանդանոցից ուղերձ է հղել, որում ասել է,թ ե ցուցարարներն իր հագուստի պատճառով իրեն շփոթել են ոստիկանի հետ, ծեծել եւ գնդակահարել, իսկ ոստիկանները, իբր, փրկել են իր կյանքը: Սակայն ոչ Սաբերի փաստաբանը, ոչ նրա ընկերները չեն հավատում այդ խոսքերին:











