Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը կանցկացվի Թուրքիայում։ Դրա մասին, ըստ Anadolu-ի, հայտնել է Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչությունը՝ Նյու Յորքում երկու քաղաքական գործիչների հանդիպման արդյունքներով։
Էրդողանի և Փաշինյանի բանակցությունները տեղի են ունեցել Թուրքական տանը՝ թուրք նախագահի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած այցի շրջանակում։ Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ ձևաչափով, դրան մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, մասնավորապես երկկողմ առևտրի և տրանսպորտի ոլորտներում։ Ըստ նրա՝ կարևոր է պահպանել երկու երկրների հարաբերություններում առկա դրական դինամիկան։
Թուրքիայի նախագահը նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում արված փոխադարձ քայլերից։
Էրդողանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի համագործակցության զարգացումն միջազգային կազմակերպությունների շրջանակում նույնպես նպաստում է երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ համատեքստում նա Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում։
COP31-ը կանցկացվի նոյեմբերին Անթալիայում։ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր կլիմայական համաժողովի շրջանակում առաջնորդների առանձին գագաթնաժողով անցկացնելու մասին։





























