Եթե երկու շաբաթով հետաձգվի քվեարկության օրը, քաղաքագետ, հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կշարունակի հացադուլը, իսկ եթե նոր ընտրություններ նշանակվեն, նա կդադարեցնի հացադուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
«Մեզ համար դա խոչընդոտ չի, եթե Պարույր Հայրիկյանը որոշում ընդունի դիմել ՍԴ` քվեարկության օրը երկու շաբաթով հետաձգելու պահանջով, ես դա չեմ համարում հացադուլը դադարեցնելու պատճառ: Հացադուլը շարունակվելու է մինչեւ ընտրությունների ավարտը»,- ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ ի սկզբանե, երբ հացադուլ հայտարարելու որոշում էր ընդունում, ենթադրում էր, որ հացադուլի ամենաերկար ժամկետը կարող է լինել 6 շաբաթ, քանի որ օրենքը ենթադրում է, որ կարող են լինել մի շարք հանգամանքներ, օրինակ` երբ հետաձգվում է ընտրության օրը 2 շաբաթով: «Հոգեբանորեն 6 շաբաթ ես հացադուլի ի սկզբանե պատրաստ եմ»,- ասաց ուղիղ 15 օր հացադուլի մեջ անցկացնող թեկնածուն:
Ինչ վերաբերում է մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին ուղղված իր կոչին` նոր ընտրություններ նշանակելու պահանջով ՍԴ դիմելու վերաբերյալ, նա նշեց, որ վերջինս ինչ որոշում էլ կայացնի, հարգանքով է վերաբերելու: «Պարույր Հայրիկյանը փորձառու քաղաքական գործիչ է, եւ անկախ նրանից` ինչ կորոշի, ես հարգանքով կվերաբերեմ: Իր կարծիքը հասկանում եմ, որ կարող է հիմքեր ունենա: Մյուս կողմից, ես իմ կարծիքն եմ ներկայացրել, որ նոր ընտրությունները դա քրեաօլիգարխիկ համակարգին հարված է, մենք տարակարծիք մոտեցում ունենք: Ես համարում եմ, որ նոր ընտրությունները քրեաօլիգարխիկ համակարգին հարված է, ինքը համարում է, որ հանրությանն ուղղված հարված է, քաղաքական պլյուրալիզմի պայմաններում նորմալ է»,- ասաց նա` չցանկանալով կանխատեսել, թե ինչ որոշում է կայացրել Հայրիկյանը:
Եթե ԱԻՄ առաջնորդը ՍԴ դիմի նոր ընտրությունների պահանջով, ապա Անդրիաս Ղուկասյանը կկասցենի հաղադուլը եւ ավելի ակտիվ գործողությունների կանցնի:«Կարծում եմ` անհրաժեշտ կլինի մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի թույլ չտալ ընտրակաշառք բաժանող հակասահմանադրական կուսակցություններին մասնակից դառնալ ընտրություններին: Տեսանք, որ պետությունը ի վիճակի չէ մերժել իրենց մասնակցությունը, հետեւաբար` քաղաքացիները պետք է չթողնեն, որ մասնակցեն, դա կպահանջի ակտիվ աշխատանք, եթե նման ձեւով ընթանան գործընթացները»,- ասաց նա` հավելելով, որ դեռեւս Հայրիկյանի դիմումը բավարար չէ, պետք է նաեւ ՍԴ-ն իր որոշումը կայացնի:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել հունվարի 21-ին եւ պահանջում է, որպեսզի չեղյալ հայտարարվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը:
Նշենք, որ այսօր պարզ կդառնա` Պարույր Հայրիկյանը կդիմի ՍԴ նոր ընտրություններ անցկացնելու, կամ դրանք 15 օրով հետաձգելու պահանջով, թե ոչ: Անդրիաս Ղուկասյանը ավելի վաղ նրան առաջարկել էր դիմել ՍԴ` նոր ընտրություններ անցկացնելու պաըհանջով: Հայրիկյանը, սակայն, միանշանակ բացառել էր նոր ընտրությունների պահանջը, որովհետեւ նոր ընտրությունների գաղափարը «դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ»: «Ահաբեկչության ճանապարհով հայ ժողովրդին ստիպել փոխել իր ճանապարհը, ես դրան ընդառաջ գնալու իրավունք չունեմ»,- ասել էր նա՝ պատասխանելով մեր հարցին, թե Անդրիաս Ղուկասյանը կոչ էր անում դիմել ՍԴ՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:











