Քիչ առաջ Պարույր Հայրիկյանը ժամանել է մամուլի ասուլիս վայր, որտեղ նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայրիկյանը չի դիմելու Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու խնդրով:

«Ես ներկա եմ ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ ֆիզկապես, թող ամեն հայ իմանա, որ ոչինչ չի կարող շեղել քաղաքական դաշտը»,-հայտարարել է Հայրիկյանն ու հավելել. «Հասկանում եմ, որ դա ահաբեկչություն էր իմ նկատմամբ:  Փորձել են սպանել ժողովրդի արժեքները՝ ժողովրդավարություն, անկախություն, ինքնորոշում:

«Եկա ասեմ, որ կամ: Գիտեմ որ ինձ սիրում եք, դրա տասնապատիկն էլ ես եմ ձեզ սիրում, առանձնապես հարցերի չեմ պատասխանելու»,-ասաց նա:

Պարույր Հայրիկյանը շարունակում է  քարոզարշավը, ինչպես ինքն է ասում՝ արդեն գործի մեջ է: «Ես Տիրոջ կամքով կենդանի եմ մնացել, բայց դա չի նշանակում, որ դիմացինը սխալ էր»,- ասաց Հայրիկյանը:

Անդրադառնալով  իր հասցեին նախագահի մյուս թեկնածուների մեղադրանքներին ՝ նա կոչ է արել  բոլոր թկենածուներին «նայել իրենց տարիքը եւ նայել, թե այդ տարիքում Հայրիկյանը ինչով էր զբաղված, հետո նոր միայն հիմարություններ դուրս տալ»: 

Հիշեցնենք, որ քիչ առաջ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայրիկյանը չի դիմելու Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու հարցով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am